21:04  ,  22 ապրիլի, 2013

Յուրա Մովսիսյան. Վնասվածքիս ծանրության մասին դեռ չեմ կարող նշել

«Ինձ համար ցավալի է, որ չկարողացա մինչեւ վերջ խաղալ։ Ես վնասեցի ծնկատակիս ջիլը։ Ծանրության աստիճանի մասին դեռ չեմ կարող նշել։ Պետք է սպասել բժշկական շտաբի եզրակացությանը»։

Այդ մասին izvestia.ru-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիյանը։

«Իմ առաջին մոսկովյան դերբիից մթնոլորտի եւ լարվածության իմաստով տպավորությունները ցնցող են։ Հատկապես, հաճելի էր տեսնել, թե ինչպես են մեր հազարավոր երկրպագուներն ամբողջ հանդիպման ընթացքում աջակցում թիմին։ Երկրպագուների աջակցության իմաստով, «Սպարտակը» Ռուսաստանի առաջնությունում մրցակցությունից դուրս է։

Մենք տրամադրվում էինք բացառապես հաղթանակի։ Այդ տրամադրվածությունն ազդեց մեր խաղի վրա։ Ցանկանում եմ առանձնացնել բոլոր իմ թիմակիցներին, որոնք գերազանց հանդիպում անցկացրին։ Մենք ավելի ուժեղ էինք մրցակցից եւ վերահսկում էինք խաղը։ Բայց սա ֆուտբոլ է, եւ խաղադաշտում կատարվածը ոչ միշտ է ամբողջովին արտացոլվում արդյունքի վրա։ Այդ պատճառով մենք տխրեցինք, որ բաց թողեցինք հաղթանակը։ «Սպարտակը» երեք հարկադրական փոփոխություն կատարեց։ Նաեւ մրցավարը մի քանի տարօրինակ որոշումներ ընդունեց, եւ դրանք ազդեցին արդյունքի վրա։ Թեեւ ես չեմ սիրում մեկնաբանել մրցավարությունը։

Ինձ համար ցավալի է, որ չկարողացա մինչեւ վերջ խաղալ։ Ես վնասեցի ծնկատակիս ջիլը։ Ծանրության աստիճանի մասին դեռ չեմ կարող նշել։ Պետք է սպասել բժշկական շտաբի եզրակացությանը։

Մեր խնդիրը շատ հասարակ է՝ մնացած հինգ խաղերում միայն հաղթել։ Ես չեմ ափսոսում, որ տեղափոխվել եմ «Սպարտակ»։ Ես հետեւել եմ իմ ամբիցիաներին։ Ցանկանում էի տեղափոխվել ավելի ուժեղ ակումբ, որպեսզի խաղամ Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպայի լիգայում։ Ես չեմ սխալվել։ «Սպարտակն» իսկապես մեծ ակումբ է»,- ասել է Յուրա Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ – «Սպարտակ» հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով, թեեւ «Սպարտակը» հաղթում էր 2։0 հաշվով։ 48-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը ստիպված էր հեռանալ խաղադաշտից։ Նրան փոխարինեց Մաջիդ Ուորիսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում