15:28  ,  21 ապրիլի, 2013

ԲԿՄԱ - «Սպարտակ»՝ 2:2

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում մոսկովյան դերբիի շրջանակում հանդիպել էին մրցաշարային աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ն ու Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող Մոսկվայի «Սպարտակը»: Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայացած խաղում հաղթող չեղավ՝ 2:2:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ էր դուրս եկել «Սպարտակի» մեկնարկային կազմում: Առաջին խաղակեսում Վալերի Կարպինի թիմը չէր կարողանում վտանգավոր գրոհներ կազմակերպել, եւ գնդակը գրեթե չէր հասնում Մովսիսյանին: ԲԿՄԱ-ի գրոհներն ավելի վտանգավոր էին ստացվում, բայց դաշտի տերերի կարգավիճակով հանդես եկող բանակայինները մի քանի լավ գոլային պահ կորցրին, իսկ 42-րդ րոպեին «Սպարտակը» բացեց հաշիվը: Գեղեցիկ գրոհի արդյունքում Իռլանդիայի հավաքականի կիսապաշտպան Էյդեն Մակգիդին խփեց առաջին խաղակեսի միակ գնդակը:

Ընդմիջումից անմիջապես հետո «Սպարտակը» կրկնապատկեց առավելությունը: Յուրա Մովսիսյանը, ստանալով գնդակը, աջ եզրում նկատեց Էյդեն Մակգիդիին, ով գոլային փոխանցում կատարեց բրազիլացի Արիին՝ 2:0: Այս գոլից անմիջապես հետո Մովսիսյանը ցույց տվեց, որ վնասվածք է ստացել եւ չի կարող շարունակել խաղը՝ պահանջելով փոխարինում: Հայաստանի հավաքականի հարձակվողին 50-րդ րոպեին փոխարինեց Մաջիդ Ուորիսը, իսկ մեկ րոպե անց ԲԿՄԱ-ի հարձակվող Վագներ Լավը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Խաղի վերջնամասն անցավ լարված պայքարում: 74-րդ րոպեին ԲԿՄԱ-ի հարձակվող Ահմեդ Մուսան կրճատեց հաշվի տարբերությունը:  Բանակայիննները շարունակում էին գրոհել եւ նրանց հաջողվեց խուսափել պարտությունից: Ավելացված ժամանակում Ալան Ձագոեւն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ ԲԿՄԱ-ին փրկելով պարտությունից: 

«Սպարտակն» ունի 41 միավորով եւ «Ռուբինի» հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: ԲԿՄԱ-ն հավաքել է 57 միավոր եւ երկրորդ տեղում գտնվող «Զենիթին» գերազանցում է 7 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 25-րդ տուր 

ԲԿՄԱ - «Սպարտակ»՝ 2:2

Ահմեդ Մուսա, 74, Ալան Ձագոեւ, 90+3 – Էյդեն Մակգիդի, 42, Արի, 46

Հեռացում՝ Ռաֆայել Կարիոկա, 90+4 («Սպարտակ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում