22:47  ,  19 հունվարի, 2013

«Բարսելոնան» պարտվեց՝ չկարողանալով պահպանել 2 գնդակի առավելությունը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադին»: Տիտո Վիլանովայի թիմը 2 գնդակի առավելություն ուներ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը:

Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսին, 25-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Պերդրո Ռոդրիգեսը կրկնապատկեց «Բարսելոնայի» առավելությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Ռեալ Սոսյեդաադի» ուրուգվայցի կիսապաշտպան Գոնսալո Կարստրոն կրճատեց հաշվի տարբերությունը եւ թիմերն ընդմիջման գնացին 1:2 հաշվի ժամանակ:

56-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Բարսելոնայի» պաշտպան Խերար Պիկեն, իսկ 63-րդ րոպեին հաշիվը հավասարվեց: Գոնսալո Կարստրոյի հարվածից հետո գնդակը դիպավ «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյին եւ, փոխելով ուղղությունը, երկրորդ անգամ հայտնվեց Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասում: Հանդիպման վերջին րոպեին իսպանացի հարձակվող Իմանոլ Ագիրեչեն խփեց բասկերի հաղթական գնդակը: Տիտո Վիլանովայի թիմն առաջին պարտությունը կրեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:

«Բարսելոնան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 44 միավոր, իսկ Մադրիդի «Ռեալը»՝ 37: «Ռեալ Սոսյեդադը» 29 միավորով 9-րդն է:

Իսպանիայի առաջնություն. 20-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»՝ 3:2

Գոնսալո Կարստրո, 41, Խավիեր Մասկերանո, 63 (ինքնագոլ), Իմանոլ Ագիրեչե, 90 – Լիոնել Մեսի, 7, Պերդրո Ռոդրիգես, 25

Հեռացում՝ Խերար Պիկե, 56 («Բարսելոնա»)

«Գրանադա» - «Ռայո Վալեկանո»՝ 2:0

Խորդի Ամատ, 24 (ինքնագոլ), Խոսե Ռոսիո, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում