01:17  ,  28 ապրիլի, 2024

Հակոբ Սերոբյան․ Վստահ եմ, որ Փարիզում մեր աշխատանքով, քրտինքով կհասնենք բարձր արդյունքի

Եվրոպայի արծաթե մեդալը շատ լավ արդյունք է, բայց մեզ այն արդեն, կարծես, չի ուրախացնում, քանի որ ինչքան լավ է լինում, այնքան ուզում ենք ավելի լավ լինի: Պետք է շատ աշխատենք, մեր քրտինքով Փարիզի Օլիմպիական խաղերում Արթուրը բարձր գնահատականներ կստանա եւ լավ արդյունք կգրանցի:

Այս մասին Ռիմինիում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը պայքարն ավարտեց մեկ մեդալով: Հենացատկի վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը, որը չեմպիոնի կոչումը նվաճած բրիտանացի Ջեյք Ջերմեյնին զիջեց 0,33 միավորով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է Արթուր Դավթյանի արդյունքներն ու Եվրոպայի առաջնությունը:

«Եվրոպայի առաջնությունում տղաների մրցելույթներից գոհ եմ: Ինչքան լավ է լինում, այնքան ուզում ենք ավելի լավ լինի: Այս Եվրոպայի առաջնությունը տարբերվում էր մյուսներից մեզ համար նրանով, որ մոտեցանք մի քիչ ավելի թուլացած: Դոհայում մեր գերագույն խնդիրը կատարել էինք, այստեղ ավելի հանգիստ էինք եկել: Առաջին օրը, մասնավորապես,  բոլորիս մոտ այնպիսի մի զգացողություն էր, որ Եվրոպայի առաջնությանն այդքան էլ կարեւորություն չէինք տալիս: Հաջորդ օրվանից արդեն մի քիչ հավաքվեցինք:

Մեզ այսօր շատ ուրախացրեցին երիտասարդները: Մեծահասակներից Արթուր Ավետիսյանը շատ լավ հանդես եկավ, շատ լավ կատարեց իր վարժությունը օղակների վրա: Ես տեսնում եմ, որ նա բարդացրել է իր վարժությունը եւ արդեն կարողանում է անել: Հետո արդեն ավելի լավ կկատարի: Արթուր Դավթյանի արդյունքն էր ինձ համար ափսոս: Խնդիր կար: Ցանկացած դեպքում մեզ համար երկրորդ տեղն արդեն ուրախալի չի: Իրականում շատ լավ արդյունք է արծաթե մեդալը: Նորմալ է: Այսպիսի մի բան կասեմ՝ Աստված պահում է, որ Օլիմպիական խաղերում Արթուրը գերազանց անի ցատկերը: Այսօր նա երկրորդ ցատկը լավ չկատարեց, բայց դա նրա ամենաուժեղ ցատկն է, որը գերազանց տիրապետում է: Դա այն ցատկն է, որը բոլորը սպասում են: Անգամ մի տեղ կարդացի, այդ ցատկի հետ կապված կատակել էին՝ «Դավթյան ավիաուղիներ», այնքան լավ է ցատկում:

Ընդհանուր առմամբ լավ է: Ունենք մեդալային հավաքածու՝ ոսկի, արծաթ, բրոնզ: Ամենակարեւորն այն է, որ ունենք օլիմպիական ուղեգիր: Վերջապես այս բարդ շրջանից՝ Դոհայից, Ռիմինիից հետո գնում ենք տուն: Շատ լարված է անցել մեզ համար աշխարհի գավաթի խաղարկությունը, այստեղ նույնպես: Շնորհակալ ենք բոլորին մեզ օգնելու համար:

Շեշտեմ, որ Եվրոպայի առաջնությունում բոլորն ունեին վնասվածքներ: Արթուր Ավետիսյանը ուսի լուրջ վնասվածք ունի, Դավթյան Արթուր այլեւս չի ասում իր վնասվածքների մասին, պատճառաբանություն չի բռնում: Նա չեմպիոնի հոգեբանություն ունի: Ամեն ինչ նորմալ է: Առաջ չընկնենք, առջեւում Օլիմպիական խաղերն են: Ինչ արդյունք էլ լինի, ինձ համար ցանկացած մեդալ, մեդալ է: Իմ խնդիրն է այժմ, առանց վնասվածք հասնել մինչեւ Օլիմպիական խաղեր, Փարիզում կատարի այն, ինչ կարողանում է: Հուսով եմ, որ շատ լավ գնահատականներ կստանա: Օրինակ այսօր չեմպիոնին զիջեց 0,33 միավորով, բայց հաշվի չենք առնում, որ նրա մրցակիցը աշխարհի գործող չեմպիոնն էր: Վստահ եմ, որ մեր աշխատանքով, քրտինքով կհասնենք բարձր արդյունքի»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի մեծահասակների հավաքականն ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում 1 մեդալով: Արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը: Ապրիլի 27-ին երիտասարդական հավաքականից ոսկե մեդալակիր դարձավ Համլետ Մանուկյանը, բրոնզե մեդալակիր՝ Մամիկոն Խաչատրյանը: Երիտասարդական հավաքականից պայքարի մեջ է մնացել Ռոբերը Գյուլումյանը, որը ապրիլի 28-ին կմրցի բազմամարտի եզրափակիչում:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով