00:43  ,  5 ապրիլի, 2024

Աշխարհի գավաթ. Հայ սամբիստներն առաջին օրը նվաճեցին 9 մեդալ, միջադեպ ուկրաինացի եւ ռուս սամբիստների մասնակցությամբ (ֆոտո)

Երեւանում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցութային օրը Հայաստանի հավաքականն ու արցախցիները նվաճեցին 9 մեդալ՝ 3 արծաթ եւ 6 բրոնզ:

Արծաթե մեդալակիրներ դարձան՝ Արթուր Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ) եւ փախստականների դրոշի ներքո հանդես եկող արցախցի Դավիթ Հովսեփյանը (58 կգ):

Բրոնզե մեդալակիրներ դարձան՝ Կարեն Սարգսյանը (58 կգ), Արթուր Հակոբյանը (79 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ), Իռենա Պետրոսյանը (54 կգ), Արփինե Մնացականյանը (54 կգ) եը Սրբուհի Հովակիմյանը (59 կգ):

Առաջին մրցումային օրվա եզրափակիչ գոտեմարտերի ավարտից հետո տեղի ունեցավ հաղթողների եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը:

71 կգ քաշայինների պարգեւատրման արարողության ժամանակ բրոնզե մեդալ նվաճած  ուկրաինացի մարզիկը հրաժարվեց ընդհանուր լուսանկարից:  Երբ բոլոր մեդալակիրները կանգնեցին պատվո հարթակին, ուկրաինացի սամբիստը չմոտեցավ մյուս մեդալակիրներին եւ չկանգնեց ոսկե մեդալ նվաճած ռուս սամբիստի կողքին:

Աշխարհի գավաթի խաղարկությունում ռուս սամբիստները մասնակցում են FIAS-ի դրոշի ներքո:

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում արծաթե մեդալակիր էր դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կառլեն Մահինյանը:

Ապրիլի 5-ին երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն տղամարդկանց մարտական սամբոյի 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ եւ +98 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները եւ կանանց սամբոյի 50 կգ, 54 կգ, 59 կգ, 65 կգ, 72 կգ, 80 կգ, +80կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Աշխարհի գավաթը կավարտվի ապրիլի 5-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում