15:20  ,  14 մարտի, 2024

Հայաստանի թենիսիստներն արծաթե մեդալակիր են դարձել Թուրքիայում

Թենիսի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամներ Առնո Ավետիսյանն ու Խաչատուր Ավետիսյանը երկրորդ տեղն են զբաղեցրել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Նույն տարիքային խմբում Մարիա Ազիզյանն ու Գայանե Բզնունին զուգախաղում հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ սակայն պարտություն են կրել:

Հայ պատանի թենիսիստներն առաջնությանը մասնակցել են մարզիչ Միքայել Ավետիսյանի գլխավորությամբ:

Մ12 տարեկանների միջազգային մրցաշարում էլ կիսաեզրափակիչ է հասել Սամվել Գևորգյանը:

Մրցաշարերին մասնակցել են նաև Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ պատանի թենիսիստները գոհացնող մրցելույթներ են ունեցել:

«Մեր պատանի թենիսիստներն, իսկապես, լավ արդյունքներ են գրանցում և որակապես բավականին հաջող խաղ են ցուցադրում: Այդուհանդերձ, ավելի հաջող ենք հանդես գալիս զուգախաղում, բայց վստահ եմ՝ մենախաղում ևս արդյունքները կբարելավենք ու կկարողանանք կրկնել Միքայել Ավանեսյանի ցուցանիշը. Եվրոպայի զարգացման առաջնության 20 տարվա պատմության մեջ Հայաստանի ներկայացուցիչներից միայն Ավանեսյանն է 2022 թվականին դարձել մենախաղի հաղթող»,- նշում է Գևորգ Կարամանուկյանը:

Մարտի 11-23-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի՝ մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների միջև վարկանիշային մրցաշար, որին 28 երկրի ավելի քան 100 թենիսիստներ են մասնակցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում