02:43  ,  14 մարտի, 2024

ՉԼ․ «Ինտերը» 11-մետրանոցներով պարտվեց «Աթլետիկոյին» եւ լքեց պայքարը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի  1/8 եզրափակիչի պատասխան խաղում Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց Մադրիդի «Աթլետիկոյին»։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը  հիմնական ժամանակում պարտություն կրեց 1:2 հաշվով։

33-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, որին փոխանցում կատարեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

2 րոպե անց «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խփեց պատասխան գոլը։

87-րդ րոպեին արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Ինտերը»։

Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 111-րդ րոպեին։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին իսպանական թիմի ֆուտբոլիստները՝ 3:2: 

«Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը 2 հարված հետ մղեց։

«Ինտերից» վրիպեցին չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը եւ հոլանդացի կիսապաշտպան Դավի Կլասենը, որը փոխարինել էր Մխիթարյանին։ 

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», Լա Լիգայի առաջատար Մադրիդի «Ռեալը», Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը» եւ Դորտմունդի «Բորուսիան»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա)` 2:1, 11մ` 3:2  (լրացուցիչ ժամանակ՝ 0:0), (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)

Անտուան Գրիզման, 35, Մեմֆիս Դեպայ, 87 - Ֆեդերիկո Դիմարկո, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում