Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ 61 կգ քաշային կարգի մեդալակիրների պարգեւատրման արարողությունը: Մեժլում Մեժլումյանը պարգեւատրվեց բրոնզե մեդալով: Այս քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Աբասգաջի Մագոմեդովը: Արծաթե մեդալակիր դարձավ Ալբանիան ներկայացնող Զեմիլխան Աբակարողը, բրոնզե մեդալակիր՝ ադրբեջանցի Նուրադին Նովրուզովը:
Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:5 հաշվով հաղթեց գերմանացի Նիկլաս Շտեխելեին: Սփոփիչ գոտեմարտում 5:4 հաշվով հաղթել էր վրացի Շոթա Ֆարտենաձեին։
Մեժլում Մեժլումյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում 0:9 հաշվով պարտվել էր ալբանացի Զելիմխան Աբակարովին, որը դուրս է եկել եզրափակիչ։
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեց երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալներով: Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը:
Արսեն Հարությունյանը (57 կգ) եզրափակիչում 52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամեդ Կարավուսին եւ 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչում համառ պայքարում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին եւ կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում