02:05  ,  18 փետրվարի, 2024

Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյան․ Հաղթանակս նվիրում եմ 44-օրյա պատերազմում անմահացած եղբորս՝ Տարոն Անդրեասյանին

Հաղթանակս նվիրում եմ 44-օրյա պատերազմում անմահացած եղբորս, Տարոն Անդրեասյանին եւ բոլոր զինվորներին, որոնք պահպանում են մեր սահմաննեը: Տարոնի շնորհիվ ես ընտրեցի ըմբշամարտը: Նրա խորհրդով եմ հաճախել ըմբշամարտի: Երջանիկ եմ, որ իմ հաղթանակը մեծ ուրախություն պարգեւեց մեր ազգին, իմ հարազատներին, ընկերներին: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայից ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը:

Բուխարեստում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը, 4 հաղթական գոտեմարտ անցկացնելով, մարզական կարիերայում առաջին անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Արման, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Բարձր տրամադրություն ունեմ: Տպավորություններս աննկարագրելի են: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել:

Սպասվա՞ծ էր հաղթանակդ:

Արդեն սպասում էի: Իսկապես սպասված էր այս չեմպիոնությունը, որովհետեւ այս անգամ շատ էի պատրաստվել, որ առաջինը լինեի: Աշխարհի առաջնությունում կային որոշ թերություններ, որոնց վրա աշխատեցինք, շտկեցինք եւ այդ մեծ աշխատանքի շնորհիվ հասանք արդյունքի:

4 գոտեմարտ անցկացրիր եւ գրեթե բոլորում հաղթանակ վերջին վայրկյաններին: Բա՞րդ էին:

Բոլոր գոտեմարտերս էլ բարդ էին: Ուժեղ մրցակիցներ էին: Հատկապես կառանձնացնեմ կիսաեզրափակիչի գոտեմարտը աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն  Մուսուկաեւի  հետ: Նա 65 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոնն էր: Նրա հետ գոտեմարտելիս մի քիչ լարվածություն կար: Եզրափակիչում էլ թեթեւ լարվածություն ունեի, բայց ոչ այդքան:

Իսկապես գոտեմարտերումս ստացվում էր հաղթանակի հասնել վերջին վայրկյաններին: Վերջում էր ստացվում հնարքներս հաջող ավարտելը: Բոլորի հետ մինչեւ վերջին վայրկյանը մտածում էի, որ ինչ էլ լինի, պարտվելիս պետք է միավոր անեմ: Այդպես ստացվում էր:

Սա քո առաջին չեմպիոնությունն է Եվրոպայի առաջնություններում: Ինչո՞ւ մինչ այս չէր ստացվել: Ի՞նչն էր պակասում:

Թերություններն են շատ եղել: Միշտ ինչ-որ բան պակաս է եղել, այդ պատճառով չեմ կարողացել մինչեւ վերջ հաղթել: Այս անգամ մարզիչների հետ շատ մեծ աշխատանք էինք տարել թերություններիս վրա: Դեռ շատ աշխատանք էլ կա անելու: Պետք է շարունակեմ շտկել սխալներս, որ ավելի մեծ արդյունքներ ունենանք. հետ չգնամ:

Ի՞նչ զգացողություններ ունեցար պատվո հարթակին ոսկե մեդալով պարգեւատրվելուց հետո:

Շատ ուրախ էի, որ իմ պատվին հնչեց մեր հիմնը: Երջանիկ եմ, որ հաղթանակս ուրախացրել է ազգիս, իմ հարազատներին, ընկերներին: Ինձ համար սա մեծ հպարտություն է: Ուրախ եմ այդ ամենի համար: Երբ Արսեն Հարությունյանը նվաճեց 4-րդ տիտղոսը, ավելի ոգեւորվեցի: Նաեւ նրա հաղթանակն ինձ օգնեց այս հաղթանակում: Այսօր տխրեցինք միայն Վազգեն Թեւանյանի համար, բայց չենք հուսահատվում թիմով: Նրանք երկուսով այնպես կանեն, որ կհաղթեն Օլիմպիական խաղերում եւ ամեն ինչ կընկնի իր տեղը:

Ու՞մ ես նվիրում հաղթանակդ:

Նվիրում եմ հերոս եղբորս, Տարոն Անդրեասյանին: Նա իմ հորեղբոր որդին է, որն անմահացել է 44-օրյա պատերազմում: Նաեւ ցանկանում եմ նվիրել մեր ազգին, բոլոր նրանց, ովքեր հպարտանում եւ ուրախանում են մեր հաղթանակներով ու մեր զինվորներին: Թող բոլորը խաղաղ երկնքի տակ ծառայեն եւ վերադառնան իրենց ընտանիքներին:

Քանի՞ տարեկանից ես սկսել զբաղվել ըմբշամարտով, ո՞ւմ խորհրդով:

Ես ըմբշամարտով սկսել եմ զբաղվել 9 տարեկանից  անմահացած եղբորսէ Տարոնի խորհրդով: Նա հաճախում էր ըմբշամարտի եւ ինձ մի օր խորհուրդ տվեց մարզվել ու իր հետ տարավ մարզադպրոց: Ես շարունակեցի մարզվել, նա դուրս եկավ: Մարզվել եմ Ռազմիկ Գոլեցյանի մարզադպրոցում: Մարզիչս եղել է նրա որդին՝ Ռաֆիկ Գոլեցյանը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով