09:05  ,  31 հոկտեմբերի, 2023

Վահան Բիչախչյան․ Ինձ համար մեծ ցավ է յուրաքանչյուր կորուստ, ոտնձգություն իմ հայրենիքի ու ազգի նկատմամբ

Ես շատ եմ սիրում իմ ազգին: Իմ արյան մեջ է հայը: Ինձ համար մեծ ցավ է յուրաքանչյուր կորուստ, ոտնձգություն իմ հայրենիքի ու ազգի նկատմամբ: Ուզում եմ՝ դառնանք այնպիսի երկիր, որ աշխարհը մեզ հետ հաշվի նստի: Յուրաքանչյուրս մեր ոլորտում ուժեղանալով մեր երկիրը կդարձնենք հզոր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան, գյումրեցի Վահան Բիչախչյանը: 

24-ամյա ֆուտբոլիստը արդեն շուրջ երկու տարի փայլում է լեհական ակումբում՝ պարբերաբար աչքի ընկնելով գոլերով, գոլային փոխանցումներով եւ լավագույնի կոչումը ստանալով: Այդպես՝ սեպտեմբերին Բիչախչյանը ճանաչվել էր «Պոգոնի» լավագույն ֆուտբոլիստ: Հայ եւ լեհ երկրպագուների սիրելին դեռ չի մտածում ակումբը փոխելու մասին, քանի որ շատ է սիրել լեհերին եւ «Պոգոնը»:

Սեպտեմբերի 19-21-ը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ  սանձազերծած լայնամասշտաբ պատերազմական գործողությունների օրերին Վահան Բիչախչյանը սոցիալական էջերում պարբերաբար անդրադառնում, միջազգային հանրության ուշադրությունն էր հրավիրում տեղի ունեցող իրադարձություններին: 

Ֆուտբոլիստի խոսքով, ելքը հզորանալու ճանապարհն է, որը պետք է անի յուրաքանչյուրն իր բնագավառում:

Վահան, պատերազմական վերջին գործողությունների, արցախայության բռնի տեղահանման օրերին ակտիվ էիր սոցցանցերում: Ինչպե՞ս  հաղթահարեցիր այս շրջանը հայրենիքից հեռու, ի՞նչ ազդեցություն թողեց քեզ վրա տեղի ունեցածը:

Ցավոտ է այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախում իմ հայրենակիցների հետ: Տխուր է այդ ամենը տեսնելը: Մեր ազգը շատ է տանջվում: Հատկապես վերջին շրջանում մենք մի քանի պատերազմ տեսանք, զոհեր ունեցանք: Պետք է առաջ նայենք, փորձենք լինել ուժեղ մենք մեզանով եւ հույսներս չդնենք որեւէ մեկի վրա: Մենք մեզ պետք է օգնենք, ավելի ուժեղ դառնանք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Եթե մենք մեզ չօգնենք, երբեք ուրիշը մեզ չի օգնի: Գտնում եմ, որ ուժեղանալու հարցում ուրաքանչյուրս մեր մասնագիտության մեջ պետք է փորձենք հաջողությունների հասնել, հաղթանակներ ունենալ, աճել, զարգանալ: Պետք է այնքան հզոր դառնանք, որպեսզի մեզ հետ բոլորը հաշվի նստեն, ավելի լուրջ վերաբերվեն: Միասնականության ուժը մեզ կհզորացնի: Սպորտում, կրթության մեջ, մշակույթում եւ մյուս բնագավառներում ամեն մեկը պետք է իր առջեւ խնդիր դնի հասնել հաջողության: Ուզում եմ, որ մեր երկրի, մեր ազգի հետ այլեւս նման դեպքեր չլինեն: Սրտանց ուզում եմ՝ դառնանք այնպիսի երկիր, որ աշխարհը մեզ հետ հաշվի նստի: Ամենակարեւորն այդ է, որ ամեն մարդ սկսի իրենից: Հզորանալու ճանապարհը սա է: Այլեւս պետք չէ մեղավորներ փնտրել, ասել՝ այս մեկը կապ ուներ, մյուսը՝ ոչ: Այն, ինչ տեղի է ունեցել, բոլորս ենք մեղավոր:

Ես շատ եմ սիրում իմ ազգին, միշտ եմ սիրել, մանկուց: Իմ արյան մեջ է հայը ու ինձ համար մեծ ցավ է յուրաքանչյուր կորուստ, ոտնձգություն իմ հայրենիքի ու ազգի նկատմամբ: 

Պետք է ոտքի կանգնենք: Ինչպես ֆուտբոլում, պարտություններից հետո միշտ էլ հեշտ է մեղավորներ գտնելը, ինչ-որ մեկին փնովելը, վատաբանելը, բայց հենց պարտությունների ժամանակ պետք է միասնական լինենք, միմյանց գոտեպնդենք, աջակցենք, թևութիկունք լինենք, որպեսզի կարողանալ հաղթահարել այն: Ինչպես ֆուտբոլում, կյանքում էլ պարտությունները նորմալ են, բայց պետք է կարողանալ այն ընդունել, սխալները հասկանալ, լուծումներ գտնել եւ միասնական դուրս գալ այդ պարտությունից: Հայ ազգը ուժեղ է, երբ միասնական է: Մեզ հիմա անհրաժեշտ է միասնականություն:

Նշեցիր, որ հզորանալու ճանապարհը յուրաքանչյուրն իր ոլորտում հաջողություններ գրանցելու մեջ է: Անդրադառնալով քո ակումբային կարիերային, ի՞նչ փոխեց «Պոգոնը» քո մարզական կարիերայում: Գո՞հ ես այն արդյունքներից, որ պարբերաբար գրանցում ես:

«Պոգոնն» ինձ համար, միանշանակ, ճիշտ քայլ էր, քանի որ Լեհաստանի առաջնությունը շատ ուժեղ է: Այստեղ թիմերի միջեւ մրցակցությունը շատ բարձր է: Բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում: Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է՝ հավասար  եվրոպական ֆուտբոլին. առաջնությունը, մեդիան, երկրպագուները, յուրաքանչյուր խաղի մթնոլորտը: Մեր կամ մյուս թիմերի խաղերը մշտապես անցնում են լեփ-լեցուն մարզադաշտերում, մենք էլ մեր կողմից փորձում ենք հետաքրքիր ու դիտարժան խաղ ապահովել: 

Լեհաստանի առաջնությունում մրցաշարային աղյուսակում 5-րդն եք 13-րդ տուրից հետո: Ինչպե՞ս է ընթանում առաջնությունը «Պոգոնի» համար:

Առաջնությանը լավ էինք սկսել, հետո ցավալի պարտություն ունեցանք, ինչից հետո թիմի մոտ սկսվեց վատ խաղեր, վատ արդյունքներ: 4-5 խաղ անընդմեջ չէինք կարողանում հաղթել: Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո վերադարձանք ավելի ուժեղ: Ամբողջովին կերպարանափոխված «Պոգոն» տեսանք: 4 խաղում հաղթանակ տարանք: Հաջորդեց հերթական ցավալի պարտությունը «Լեգիայից», որից հետո հաղթեցինք մեր երկու հիմնական մրցակիցներին՝ «Լեխին» եւ «Կրակովիային»: Այս երկու թիմերը մեր երկրպագուների եւ մեր քաղաքի համար ընդգծված մրցակիցներ են: Հիմա Լեհաստանում առաջնությունն այն մակարդակի է, որ չես կարող ասել՝ ով ում կհաղթի: Այս պահին թիմերը հավասար են, ամեն խաղին էլ անակնկալներ կարող են լինել: Լրջորեն պատրաստվում ենք, որպեսզի կարողանանք հետագայում էլ հաղթանակներ ունենալ:

Լիարժեք ինտեգրվե՞լ ես «Պոգոնին», լեհական կյանքին:

Այո, լիարժեք: Շուտով երկրորդ տարին կլրանա «Պոգոնում», բայց տպավորություն է, թե շատ երկար ժամանակ եմ այս ակումբում եւ այս երկրում: Շատ լավ թիմ է, անձնակազմը, տղաներ լավն են, ամենակարեւորը՝ շատ լավ մարդիկ են մեր թիմում հավաքված:

Շատ եմ կապվել «Պոգոնին», երկրպագուներին, քաղաքին, բոլորին: Ինձ լիարժեք եմ զգում այստեղ: Փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի կարողանամ իմ նկատմամբ վստահությունն ու սերը վերադարձել ակումբին, երկրպագուներին:

Լեհ երկրպագուների կողմից շատ ես սիրվել: Քո յուրաքանչյուր գոլ նրանց կողմից ընդունվում է մեծ ցնծությամբ, վանկարկումներով եւ քեզ նվիրված երգով: Որքանո՞վ է այդ սերն օգնում քեզ խաղադաշտում:

Նրանց սերը փոխադարձ է եւ այն ինձ իսկապես շատ է օգնում խաղադաշտում: Ինձ հաճելի է ունենալ այսպիսի երկրպագուներ, տեսնել, թե ինչպես են նրանք ուրախանում ամեն գոլից հետո, ինչպես են տոնում, երգում: Նրանք գալիս են ստադիոն, հետաքրքիր ֆուտբոլ դիտելու, գոլեր տեսնելու եւ հաղթանակ տոնելու: Այս ամենը պատասխանատու է: 

Երկրպագուները շատ պահանջկոտ են: Որքան էլ մեր թիմի մոտ անհաջող խաղերի եւ պարտությունների շարք է լինում, մեզ երբեք չեն լքում: Նրանք միշտ մեզ հետ են՝ անկախ տանն ենք խաղոււմ, թե դրսում:  Լեհաստանն էլ, ինչպես ասացի, փոքր երկրի չի եւ մի քաղաքից մյուսը գնալն այդքան էլ հեշտ չի, բայց նրանք գալիս են, եթե նույնիսկ նախորդ խաղերում ցավալի պարտություններ ենք ունեցել: Անհնար է այս սերն ու նվիրումը չգնահատել եւ չձգտել ուրախացնել նրանց: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի մեր կողքին լինեն, եթե նույնիսկ պետք է 5, 10 ժամ ճանապարհ անցնեն: Այս վերաբերմունքը մեզ համար մեծ պատասխանատվություն է: Խաղում, պայքարում ենք նրանց համար:

Լեհ երկրպագուները նույնկերպ աջակցում են նաեւ Լեհաստանի ազգային հավաքականին: Հավաքականի ստադիոնը գտնվում է Վարշավայում: 52-53 հազար  հանդիսական է տեղավորում ստադիոնը եւ խաղերի ժամանակ ուղղակի ասեղ գցելու տեղ չի լինում:

Իրականում Լեհաստանն առանձնանում է երկրպագուների բանակներով: Միայն «Պոգոնը» չէ, մյուս թիմերն էլ մեծաթիվ երկրպագուներ ունեն: Լեհերը ֆուտբոլի մեծ սիրահարներ են: Հենց երկրպագուների շնորհիվ մեր առաջնությունում շատ լավ մրցակցություն է ստեղծվել: Երկրպագուների միջեւ էլ մեծ մրցակցություն կա, ինչն ավելի է գեղեցկացնում յուրաքանչյուր հանդիպում:

Քո խոսքում նշեցիր, որ նույնիսկ իրար հաջորդող պարտություններից հետո խաղերն անցնում են լեփ-լեցուն տրիբունաներով: Ի՞նչպես անել, որ հայ երկրպագուներն էլ պարտություններից հետո նորից գան ստադիոն, Հայաստանի առաջնություններն անցնեն լեփ-լեցուն տրիբունաներով:

Պատճառը մեկն է, պետք է կարողանանք ամեն խաղում լավ խաղալ, նվիրվել, փորձել հաղթել: Պարզ է, ֆուտբոլում պարտություններ էլ կան, որեւէ մեկն ապահովագրված չի պարտությունից: Եթե երկրպագուները տեսնեն՝ թիմը պայքարում է, նվիրվում է, ցանկություն կա հաղթելու, բոլորն էլ կհասկանան եւ կընդունեն պարտությունը, հաջորդ խաղին նորից հավատով կգան ստադիոն: Իմ կարծիքով, մենք պետք է միասնական լինենք, որպեսզի երկրպագուներն էլ հավատան մեզ: Պարզ է, որ երկրպագուները միշտ էլ մաքսիմալիստ են եւ ցանկանում են միայն հաղթանակներ: Մեր ազգը պահանջկոտ է այս առումով, բայց նորմալ է, որովհետեւ բոլոր երկրներում էլ երկրպագուները պահանջկոտ են: Ուղղակի պետք է կարողանալ լավ խաղով եւ արդյունքով գոհացնել երկրպագուին:

Ի՞նչ ծրագրեր ունես «Պոգոնի» հետ: Մտածո՞ւմ ես ակումբը փոխելու կամ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Այդ մասով դեռեւս հստակություն չկա: Պայմանագիրս լրանում է 2025 թվականին: Տեսնենք, թե հետագայում ինչ կլինի: Առայժմ չեմ մտածում այդ ուղղությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով