01:03  ,  9 հոկտեմբերի, 2023

«Բարսելոնան» խուսափեց պարտությունից 0:2-ից հետո (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Գրանադային»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

«Գրանադայից» դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Բրայան Սարագոսան, որը խաղի հաշիվը բացեց արդեն առաջին րոպեին, իսկ առավելությունը կրկնապատկեց 29-րդ րոպեն։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշվի տարբերությունը կրճատեց կատալոնական թիմի իսպանացի հարձակվող Լամին Յամալը։ 86-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն։

«Բարսելոնան» 21 միավորով երրորդն է, «Գրանադան» նախավերջինն է՝ 6 միավոր։ Առաջատար «Ռեալն» ունի 24 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան» ունի 22 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Գրանադա» - «Բարսելոնա»՝ 2:2 (տեսանյութ)

Բրայան Սարագոսա, 1, 29 - Լամին Յամալ, 45+1, Սերխի Ռոբերտո, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում