12:58  ,  4 սեպտեմբերի, 2023

Գառնիկ Հայրապետյան․ ԵԱ-ի գլխավոր մրցավարը թուրք էր եւ ամեն ինչ արվում էր, որ մեր մարզիկները Թուրքիայում մեդալ չնվաճեն

Եվրոպայի առաջնությունում գլխավոր մրցավարը թուրք էր եւ ամեն ինչ արվում էր, որ մեր մարզիկները Թուրքիայում ընդհանրապես մեդալներ չնվաճեն, պատվո հարթակին չկանգնեն: Մեր տղաների շնորհիվ Թուրքիայում 5 անգամ ծածանվեց Հայաստանի դրոշը, ինչը  մեծ պատիվ է բոլորիս համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը:

Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված WAKO-ի քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ երկու արծաթ եւ երեք բրոնզ:

 «Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը մասնակցում էինք 10 մարզիկներով, որոնք նվաճեցին 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Կարող էինք նաեւ ոսկե մեդալ նվաճել, քանի որ տղաները շատ լավ էին պատրաստվել այս առաջնությանը, բայց ոչ օբյեկտիվ մրցավարության պատճառով մենք զրկվեցինք ոսկե մեդալներից: Եզրափակիչում տղաները հանդիպեցին թուրք մրցակիցների, իսկ այս պարագայում պարզ էր, որ մրցավարներն ամեն ինչ պետք է անեին, հաղթանակն իրենց մարզիկին տալու համար: Ես գոհ եմ 5 մեդալներից, դրական եմ գնահատում այս արդյունքները: 

Գլխավոր մրցավարը թուրք էր եւ ամեն ինչ արվում էր, որ մեր մարզիկները Թուրքիայում ընդհանրապես մեդալներ չնվաճեն, պատվո հարթակներին չկանգնեն: Մեր մարզիկների համառ պայքարի եւ մարզիչների գերազանց աշխատանքի արդյունքնում այսօր ունենք մեդաներ: Մեր տղաների շնորհիվ Թուրքիայում 5 անգամ ծածանվեց Հայաստանի դրոշը: Սա մեծ պատիվ է բոլորիս համար:

Թուրքիայում Հայաստանի պատվիրակության անվտանգությունը երաշխավորված էր: Մենք պաշտոնական գրություններ էինք ուղարկել մեր մարզիկների անվտանգությունը ապահովելու համար: Այս առումով ոչ մի խնդիր չի եղել մեր մարզիկների եւ Հայաստանի պատվիրակության հետ, բարձր մակարդակով ընդունել են մեր թիմին:

Մինչեւ Եվրոպայի առաջնությունը, Հայաստանի պաշտոնական առաջնություն անցկացրինք եւ ընտրվեցին լավագույնները: Ոչ բոլորը կարողացան ընդգրկվել Եվրոպայի առաջնության կազմ ֆինանսական խնդիրների պատճառով: Կարողացանք 10 մարզիկ ընդգրկել հավաքականի կազմում եւ նրանք մեկնեցին Ստամբուլ: Նշեմ, որ ունեինք էլի լավ մարզիկներ, որոնք նույնպես կարող էին ընդգրկվել Եվրոպայի առաջնության կազմ, բայց չկար ֆինանսական հնարավորություն բոլորին տանել Թուրքիա:

Հայաստանի ֆեդերացիան գործում է արդեն 30 տարի եւ արդեն պաշտոնապես ճանաչված է ԿԳՄՍ-ի կողմից:  Հայաստանում քիքբոքսինգով զբաղվում է 2200 մարզիկ, ունենք 40-ից ավել դպրոցներ,  42 մարզիչ, 10 մրցավար, որից 5-ը միջազգային կարգի:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, այս տարի արդեն պետության կողմից ֆինանսավորման ծրագրում ընդգրկվեցինք եւ ունենք աջակցություն: Իհարկե, չնչին գումար է, որով միայն կարողացանք Հայաստանի առաջնություն անցկացնել: Եվրոպայի առաջնությանը մասնակցեցինք մեր հովանավորների եւ աջակիցների շնորհիվ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, տարբեր այլ հովանավորների, ինչպես նաեւ ծնողների աջակցությամբ: Ակնկալում ենք, որ այս ամենը պետք է անի սպորտի նախարարությունը: Զրուցել եմ ԿԳՄՍ փոխնախարարի հետ եւ որոշվել է, որ հաջորդ տարի կունենանք ֆինանսավորում, որպեսզի շատ մրցաշարերի մասնակցենք եւ մեծ կազմերով պայքարենք:

Հուսամ՝ Եվրոպայի առաջնությունից հետո պետական ֆինանսավորումը կավելանա, քանի որ արդյունքներով ենք վերադարձել: 38 երկրի 2015 մասնակիցների մեջ 10 մարզիկով 5 մեդալ նվաճելը փայլուն հաջողություն եմ համարում»,- ասաց Գառնիկ Հայրապետյանը:

Թուրքիայում մեդալակիներ են դարձել  13-ամյա Մարկ Միքայելյանը (-32 կգ)՝ արծաթե եւ բրոնզե մեդալներ, 13-ամյա Սերժ Պապյանը (-32 կգ)՝ արծաթե եւ բրոնզե մեդալներ եւ 15-ամյա Տիգրան Հարությունյանը (-51 կգ) բրոնզե մեդալ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում