23:12  ,  25 հունիսի, 2023

ԵԽ․ Նարեկ Խաչիկյանը կիսաեզրափակիչում է

Լեհաստանում անցկացվող Եվրոպական խաղերի ծրագրով մուայթայի մրցաշարում Հայաստանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Հունիսի 25-ին պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Նարեկ Խաչիկյանը: Մինչեւ 60 կգ քաշայինների մեկնարկային քառորդ եզրափակիչում Նարեկ Խաչիկյանը հաղթել է գերմանացի Ֆիլիպ Լեոն Բալբաչին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ, ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Կիսաերզաակիչում Խաչիկյանի մրցակիցը կլինի Բելգիայի ներկայացուցիչ Ջիանի դե Լյուն: Կիսաեզրափակիչը տեղի կունենա հունիսի 27-ին: 

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներ Գոռ Սարգսյանը, Արմեն Գրիգորյանը եւ Լյուաի Տեր-Դավթյանը պարտություններ են կրել եւ լքել պայքարը:

Եվրոպական խաղերում Հայաստանն արդեն նվաճել է երեք մեդալ հրաձգությունից, կարատեից եւ շախմատից: Հրաձգության 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձեւում Էլմիրա Կարապետյան - Բենիկ Խլղաթյանը զույգը թիմային պայքարում երկրորդ տեղն է զբաղեցրել, նաեւ 581 միավորով գրանցել Եվրոպական խաղերի ռեկորդ:

Կարատեում Անիտա Մակյանը մինչեւ 68 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր: Երկու հաղթանակ տանելուց հետո նա կիսաեզրափակիչում 0:4 հաշվով պարտվել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Ելենա Նորինային:

Շախմատի Հայաստանի թիմը նվաճել է Կրակով քաղաքում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի զույգ առաջնության չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի թիմում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում