10:22  ,  27 հոկտեմբերի, 2012

Հայտնի ֆուտբոլային գործակալ. Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էր իսպանական ակումբ

«Ես մեկ անգամ զրուցել եմ Հենրիխ Մխիթարյանի մոր հետ հեռախոսով, քանի որ մի իսպանական ակումբ հետաքրքրված էր Հենրիխի ծառայություններով, դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր «Մետալուրգում», բայց այդ հետաքրքրությունը մարեց: Հետո երբ նա կրկին սկսեց փայլուն խաղալ Հայաստանի հավաքանում եւ «Շախտյորում» միանգամից շատ թիմեր սկսեցին հետաքրքրվել նրանով: Ինձ վերջերս հարցրին, արժե արդյոք, որ Հենրիխը տեղափոխվի մեկ այլ ակումբ: Ես ասացի, որ դեռ ոչ: Նա պետք է դառնա «Շախտյորի» կայուն առաջատարը, իսկ դրանից հետո տեղափոխվի եվրոպական ակումբենրից մեկը»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Իսպանիայում բնակվող հայտնի ֆուտբոլային գործակալ Արսեն Մինասովը:

Արսեն Մինասովը Ռուսաստանի ամենահատնի ֆուտբոլային գործակալներից է: Մշտապես բնակվում է Իսպանիայում: Հանդիսանում է Ռոման Շիրոկովի, Այզեկ Օկորոնկովի, Ֆրանցիսկո Լիմայի, Օլեգ Սամսոնովի, Իգոր Շեւչենկոյի, Վիկտոր Վասինի, Սոսլան Ջանաեւի եւ շատ այլ հայտնի ֆուտբոլիստների գործակալը:

Արսեն, կպատմե՞ք Ձեր մասին:

Ես ծնվել եմ Կիսլովոդսկում, հայկական ընտանիքում: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել մանկապատանեկան դպրոցում: Այնուհետեւ ինձ հրավիրեցին Մոսկվա: Խաղացել եմ Ստավրոպոլի «Դինամոյում», Դոնեցկի «Շախտյորում», Կիեւի «Դինամոյի» դուբլում: Խաղացել եմ նաեւ ռուսական առաջին պրոֆեսիոնալ ակումբում` «Ասմարալում»: Այնուհետեւ ընտանիքով տեղափոխվեցինք Իսպանիա եւ դարձա գործակալ,  զուգահեռաբար երեխաների էի մարզում:

Ինչպե՞ս դարձաք ֆուտբոլային գործակալ:

Այնպես ստացվեց, որ ես ընկերացա Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ֆերնանդո Հիերոյի եղբոր Մանոլոյի հետ: Նա նույնպես խաղացել է Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում: Այն ժամանակ նա աշխատում էր «Մալագայում» որպես մարզական տնօրեն: Ես սկսեցի օգնել նրան եւ զբաղվում էի Արեւելյան Եվրոպայով: Լինելով ֆուտբոլիստ` ես լավ  էի հասկանում, թե ինչ նշանակություն ունի ֆուտբոլիստի համար գործակալը եւ որոշեցի զբաղվել այդ գործով: Հանձնեցի քնություն եւ ստացա  Ռուսաստանի ֆուտբոլի միության 4 համարի արտոնագիրը: Իմ առաջին քայլը ընկերոջս` Էռաստ Օսիպյանին օգնելն էր: Նա խորհդային տարիներին հանդես էր եկել «Արարատում»: Այնուհետեւ եղան նաեւ այլ ֆուտբոլիստներ եւ դա դարձավ իմ մասնագիտությունը:

Դուք նաեւ հանդիսանում եք Ֆուտբոլային գործակալների ասոցացիայի հիմնադիրներից մեկը:

Ժամանակին Ռուսաստանի առաջատար գործակալները որոշեցին միավորվել եւ ստեղծել ֆուտբոլային գործակալների ասոցիացիա, որը պետք է կարգավորեր գործակալների գործունեւոյթյունը:Այն ժամանակ ֆուտբոլիստներն ընդհանրապես պաշտպանված չէին: ՌՖՄ կանոնակարգը հաշվի չէր առնում շատ կարեւոր հարցեր: Մենք փորձում էինք պաշտպանել ֆուտբոլիստների իրավունքները: Այնուհետեւ այդ ասոցիացիայի հիմքի վրա ստեղծվեց արհեստակցական միություն, բայց ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն գործակալը չի կարող լինել հիմնադիր անդամ եւ բնականաբար ես դուրս եկա արհեստակցական միությունից, եւ այն դարձավ ինքնուրույն կառույց: Մենք հասկացրեցինք ֆուտբոլային միությանը, որ կա մի կառույց, որը կարող է պաշտպանել ֆուտբոլիստների իրավունքերը:

Դուք մինչեւ այժմ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Գոհարյանի գործակա՞լն եք:

Այո, ես մինչեւ հիմա նրա գործակալն եմ, բայց այս պահին նրա մոտ ստեղծագործական դադար է, եթե դա այդպես կարելի է անվանել: Ես վերջերս հանդիպեցի նրան իր հոր հոբելյանին: Ես ոչ միայն նրա խոսքերից այլ նաեւ աչքերից հասկացա, որ նա ցանկանում է վերադառնալ ֆուտբոլ: Վերջին յոթ ամիսները Գոհարյանը չէր զբաղվում ֆուտբոլով: Նա փորձում էր բիզնեսով զբաղվել: Չգիտեմ, որքանով դա իրեն հաջողվեց: Այժմ նրա մոտ նոստալգիա է: Նա արդեն մեծացել է եւ գիտակցում է այն բոլոր սխալները, որոնք գործել է: Հովհաննեսի որակները թույլ են տալիս նրան լինել շատ լավ ֆուտբոլիստ: Նա դա ապացուցել է Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականներում, ինչպես նաեւ ԲԱՏԵ-ում հանդես գալով, բայց ինչպես եւ շատ երիտասարդներ նա թույլ տվեց շատ սխալներ, բայց փառք Աստծո  այդ ամենը գիտակցեց: Ես շատ եմ ցանկանում որպեսզի նա վերադառնա: Ես դա կհամարեի իմ եւս մեկ հաղթանակը: Շիրոկովի հետ պատմությունը ես նույնպես համարում եմ իմ եւ իմ թիմի փոքրիկ հաղթանակը: Ռոմանը նույնպես դժվար պահեր էր ապրում եւ մենք միշտ նրա կողքին էինք:

Այլ հայ մարզիկների հետ աշխատե՞լ եք:

«ԲՄԱ-Էներգիայի» մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն իմ լավ ընկերն է: Մենք ծանոթ ենք վեց տարեկանից: Նա նույնպես Կիսլովոդսկից է: Միասին խաղացել ենք նույն մանկական թիմում: Ես եւ իմ գործընկերները օգնում ենք նրան, ինչով կարող ենք: Եվ դա նույնպես հայկական հպարտություն է, այն որ մենք օգնում ենք մեր հայրենակիցներին: Բացի այդ ես ժամանակի փորձեցի համագործակցել Հրայր Մկոյանի հետ, բայց ցավոք ոչինիչ չստացվեց: Նա շատ արդար տղա է, ով հեշտ է վտահում մյուսներին եւ ցավոք նրա ճանապարհին կանգնեցին մարդիկ, ում մոտ առաջին տեղում դրված չէր ֆուտբոլիստի կարիերայի հարցը եւ նրանք «քաշեցին» Հրայրին: Այդ մարդիկ խորհուրդ տվեցին Մկոյանին ստորագրել մի պայմանագիր, որը պետք չէր, որ նա ստորագրեր: Եվ արդյունքում նրա մոտ կարիերայի փոքր անկում եղավ: Դա նրա որոշումն էր: Ինձ իհարկե շատ ցավալի է: Ես նրա հետ անձամբ ծանոթ չէի: Մենք խոսում էինք հեռախոսով: Նա լավ առաջարկ ուներ Խաբարովսկից: Պայմանագրի պայմանները թույլ էին տալիս իրեն ցանկացած պահի տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ: Բացի այդ Գրիգորյանը շատ էր ցանկանում տեսնել Մկոյանին իր թիմում: Եվ այսօր մենք տեսնում ենք, թե ինչ արդյունքներ է ցուցադրում Գրիգորյանի թիմիը: Իհարկե թիմը խաղում է Առաջին լիգայում եւ ֆինանսական մեծ հնարավորություններ չունի, բայց Մկոյանի համար այն կարող էր ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվելու լավ ցատկ լինել: Ես դրանում վստահ եմ:

Բայց Խաբարովսկում  ամռանը կենտրոնական պաշտպանի պահանջ դեռ կար: Նրանք գնեցին Հայաստանի ազգային հավաքականի մյուս կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանանին:

Սաշան շատ էր ցանկանում, որ իր թիմում հայ ֆուտբոլիստ խաղա: Նրա մոտ ուժեղ նոստալգիա է: Այս տարի նա Հայաստանում հանդիպեց իր հորը, ում չէր տեսել երկար տարիներ: Ճիշտն ասած, նա մի քիչ նեղացած էր Մկոյանի արարքից, քանի որ պայմանագիրն արդեն կնքված էր, բայց արդյուքնում եղավ այն, ինչ եղավ:

Հայ ֆուտբոլիստներից բոլորը առանձնացնում են Հենրիխ Մխիթարյանին եւ Յուրա Մովսիսյանին: Այլ ֆուտբոլիստների խաղին հետեւո՞ւմ եք:

Այո, իհարկե: Ինձ շատ են դուր գալիս «Մետալուրգի» տղաները: Նույն Արզումանյանը, կարծում եմ դեռ չի խաղացել իր լավագույն խաղերը: Այն ինչ տեղի ունեցավ նրա հետ Լեհաստանում շատ տխուր էր, բայց կարծում եմ նա դեռ իրեն կդրսեւորի:

Ինչպիսի՞ թիմերում կարող են խաղալ հայ ֆուտբոլիստները:

Շատ դժվար է այդ մասին ասել: Մենք մինչ այժմ չգիտենք հայ ֆուտբոլիստների ներուժը: Հայաստանի առաջնությունը չի ցուցադրվում հեռուստատեսությամբ: Հայաստանը թեեւ մոտ է, բայց միեւնույն ժամանակ բավական հեռու է: Ես Հայաստանում եղել եմ ընտանեկան գործերով: Հասցրեցի դիտել  «Արարատ» – «Միկա», «Իմպուլս» – «Փյունիկ» հանդիպումները: Տպավորությունը միանշանակ չէ, արագությունները այն չեն: Հայ ֆուտբոլիստները տեխնիկապես լավ պատրաստված են, բայց ես խոսում եմ թիմային արագությունների մասին: Այսօր Ռուսաստանի առաջնությունը իր որակյալ լեգիոներների շնորհիվ շատ առաջ է գնացել: Հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում համարվում են լեգիոներներ: Երբ հարց է առաջանում ընտրել հայ, թե սերբ կամ բրազիլիացի ֆուտբոլիստների, կշեռքի նժարը թեքվում է ոչ դեպի հայերի կողմ: Վերջին ժամանակներս շատ են խոսում Հայաստանի հավաքականի մասին, դա թիմի վերջին տարում ցուցադրած լավ խաղի արդյունքն է:

Շատ ֆուտբոլիստներ ունեն գործակալներ, բայց շատերն էլ ցանկանում են իրենք լուծեն իրենց հարցերը, կամ էլ նրանց շրջապատում են այսպես կոչված սիրողական մանսագետները: Նույն Մխիթարյանը չունի սեփական գործակալ:

Իմ հստակ կարծիքով, ֆուտբոլիստը պետք է ունենա գործակալ: Ես դա չեմ ասում նրա համար, որ ինքս գործակալ եմ: Մեսին ունի իր գործակալը, Ռոնալդուն նույնպես: Զիդանն ուներ երկու գործակալ: Մարզիչները նույնպես ունենում են գործակալներ: Գործակալը մարդ է, ով զբաղվում է ֆուտբոլիստի բոլոր հարցերով: Ուկրաինայում եւ Ռուսատանում շատ ֆուտբոլիստներ իրենք են զբաղվում իրենց հարցերով, քանի որ այստեղ դեռ այդքան էլ զարգացած չէ այս ոլորտը: Բացի այս, թիմերն են հաճախ դեմ լինում գործակալներին: Իրենք կարծում են, որ ինքնուրույն կարող են լուծել իրենց հարցերը: Ինչ վերաբերում է Հենրիխին, ապա նա շատ խելացի տղա է: Ես կցանկանայի աշխատել նրա հետ, բայց կարծում եմ այն իրավիճակում որ նա այժմ գտնվում է եւ այն համբավը, որ ունի նրան գործակալ պետք չէ: Ես մեկ անգամ զրուցել եմ նրա մոր հետ հեռախոսով, քանի որ մեկ իսպանական ակումբ հետաքրքրված էր Հենրիխի ծառայություններով, դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր «Մետալուրգում», բայց այդ հետաքրքրությունը մարեց: Հետո երբ նա կրկին սկսեց փայլուն խաղալ Հայաստանի հավաքանում եւ «Շախտյորում» միանգամից շատ թիմեր սկսեցին հետաքրքրվել նրանով: Ինձ վերջերս հարցրին, արժե արդյոք, որ Հենրիխը տեղափոխվի մեկ այլ ակումբ: Ես ասացի, որ դեռ ոչ: Նա պետք է դառնա «Շախտյորի» կայուն առաջատարը, իսկ դրանից հետո տեղափոխվի եվրոպական ակումբենրից մեկը: Ես կարող եմ ձեռքիս մատերի վրա հաշվել այն թիմերը, որոնք արժանի են, որ Հենրիխն այնտեղ խաղա:

Հաճա՞խ եք լինում Հայաստանում:

Ես եղել եմ անցյալ տարի Հայաստան – Ռուսաստանի խաղին: Իսկ այս տարի եկել էի զարմուհուս հարսանիքին: Մինչ այդ եղել էի խորհրդային ժամանակներում: Ես ունեմ խաչքարերի լուսանկարների մեծ հավաքածու: Ես դրանք լուսանկարում եմ, որտեղ էլ հանդիպեմ:

Խոսո՞ւմ եք հայերեն:

Ցավոք, վատ եմ խոսում: Եվ ճիշտն ասած, վախենում եմ խոսելիս սխալվեմ: Իմ տատիկը 90 տարի ապրեց Ռուսաստանում, այդպես էլ ռուսերեն չսովորելով: Միայն երբ իր մոտ էի լինում, մենք խոսում էինք հայերեն: Բայց չնայած դրան, ես ինձ ավելի հայ եմ զգում, քան հայերեն խոսացող շատ հայեր: Ես երբեք չեմ ամաչել, այլ միշտ հպարտացել եմ իմ ազգությամբ: Ինձ միշտ հետաքրքիր է եղել հայոց պատմությունը: Շատ եմ կարդում  հայ հանճարների մասին: Միշտ ուրախանում եմ, երբ իմանում եմ, որ եւս մեկ հայ հաջողության է հասել:

Ինչպիսի՞ ֆուտբոլային նախասիրություններ ունեք:

Ես սիրում եմ Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքակներին: Ռուսաստան – Հայաստան խաղում սատարում էի հայերին, չնայած Ռուսաստանի հավաքականում խաղում էին իմ ֆուտբոլիստները: Քանի որ ապրում եմ Իսպանիայում, ինձ հետաքրքիր է իսպանական ֆուտբոլը, հատկապես «Բարսելոնայի» խաղը: Ես շատ կցանկանայի երկրպագել «Արարատին», բայց ցավոք ես չեմ տեսնում նրան: «Արարատը» նոստալգիա է: Ես յոթ տարեկան էի, երբ «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ գավաթն ու դարձավ չեմպիոն: Ես բոլոր ֆուտբոլիստերին անգիր գիտեի, դիտում էի բոլոր հանդիպումները, նույնիսկ, ոտանավոր գիտեի «Արարատի» մասին: Մեկ անգամ հայրս ինձ վերցրեց մի մեծ միջոցառման: Ես կանգնեցի սեղանին եւ արտասանեցի:

Пусть над небом Еревана солнце вам хрусталью льет

 Обнимите Иштояна, поцелуйте Симоняна

 И, как говорит народ, дело ваше не умрет!

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով