11:41  ,  8 հոկտեմբերի, 2012

Ֆետելը գրոհում է երրորդ տիտղոսը

Ֆերնանդո Ալոնսոն կարող է դառնալ այս տարվա աշխարհի առաջնության գլխավոր անհաջողակը: Ինչո՞ւ գլխավոր: Որովհետեւ նա միակն է, որի տիտղոսը մազից է կախված: Չեմպիոնի երեք հավակնորդներից միակը, որը խաղից դուրս էր ճապոնական Սուզուկայի Մեծ խաղարկությունում: Իրավիճակից օգտվեց պոուլից մեկնարկած Սեբաստյան Ֆետելը եւ Ալոնսոյի հետ 29 միավորանոց տարբերությունը 1.5 ժամում հասցրեց 4-ի: Ֆետելը Սուզուկայում մեկնարկել է 4 անգամ, որից 3-ում հաղթել: Հարավային Կորեայի Մեծ մրցանակից առաջ Ալոնսոյին եւ Ֆետելին ամենամոտը դեռեւս գտնվում է «լոտուսցի» Կիմի Ռայկոնենը, տարբերությունը Ֆետելից՝ 33 միավոր: Ճապոնիայում Ալոնսոյին մրցուղուց դուրս մղողը հենց Ռայկոնենն էր՝ միակ մարզիկը, որն այս տարի ոչ մի բախում չէր նախաձեռնել: Ալոնսոն մեկնարկեց 6-րդ տեղից, իսկ 7-րդ տեղից մեկնարկած Ռայկոնենը առաջին շրջադարձին հարվածեց բոլիդի ետնամասի աջ անիվին: Ռայկոնենը շարունակեց իր ընթացքը, իսկ Ալոնսոն ծակ անվադողով դուրս մնաց մրցումից: Ստյուարդները չպատժեցին Կիմիին, տեղի ունեցածը համարեցին մրցակցային միջադեպ:

«Ֆերրարիին» առանց այն էլ դժվարությամբ են տրվում միավորները: Ալոնսոն հաջողացրեց վերջին 4 Գրան Պրիներից երկուսում հենց սկզբից դուրս մնալ խաղից: Լրագրողների առջեւ ինքն իրեն Ալոնսոն մխիթարում էր հետեւյալ բառերով. «Եթե ինձ մրցաշարի սկզբից ասեին, որ մրցաշարի ավարտից 5 մրցարշավ առաջ ես կլինեմ առաջատարը, կհամաձայնվեի»: Այսօր նա դեռ առաջատար է, բայց 4 միավորի տարբերությամբ: Իսկ այդ տարբերությունը վերացնելու համար «Ռեդ Բուլն» ունի Սեբաստյան Ֆետել, իսկ Ալոնսոն, մեզ թույլ տանք ասել, բոլիդ չունի: Սուզուկայում «Ֆերրարիի» մարզական տնօրեն Լուկա դի Մոնտեձեմելոյին կարող էր մխիթարել մրցանակային միավորի համար գրեթե անիմաստ մարզիկ Ֆիլիպե Մասան: Բայց Մասան հրաշալի արեց այն, ինչ ուղիղ երկու տարի նրան չէր «թույլատրվում»: Նա գրավեց երկրորդ տեղը, ընդ որում մեկնարկային մի քանի շրջանից հետո նա երկրորդ տեղը վերցրեց ճապոնացի Կամուի Կոբայաշիից ու այլեւս չզիջեց:

«Ես ինձ թեւավոր էի զգում»,- հենց պոդիումի վրա ասաց Ֆիլիպե Մասան: Այս մարդը «Ֆերրարիում» աշխատում է ինքն իր համար, սպասարկում է Ֆերնանդո Ալոնսոյին, Ճապոնիայում նրա ծառայությունների կարիքը չկար: Եվ ի՞նչ՝ Մասան երկրորդն էր եւ դարձյալ առանց արագությամբ աչքի ընկնելու: Նույնիսկ 14-րդը եզրագիծը հատած «Վիլյամսի» բրազիլացի արշավորդ Բրունո Սենան նրանից արագընթաց էր: Այնուամենայնիվ, Սուզուկայի անհաջողակներից մյուսը կարելի է համարել չեմպիոնի երրորդ հավակնորդին՝ ֆինն Կիմի Ռայկոնենին: Նա 25 հնարավորից վաստակեց միայն 8 միավոր եւ փոքր ինչ բարդացրեց իր վիճակը Ֆետելի, բայց ոչ Ալոնսոյի համեմատ: Պետք է հիշել, որ Կիմին մնաց առաջնության միակ ավտոարշավորդը, որը բոլոր մրցուղիներում հատել է եզրագիծը, այսինքն, երբեւէ կիսատ չի թողել մրցուղին: Փոխարենը, նրա թիմակից, ֆրանսիացի Ռոմեն Գրոժանը հավակնում է ամենակռվարարի տիտղոսին, այս անգամ էլ նա փչացրեց Ֆետելի թիմակցի՝ Մարկ Վեբերի կյանքը՝ դարձյալ հենց մեկնարկում բախվելով նրա բոլիդին: Բարեբախտաբար, 2-րդ տեղից մեկնարկած Վեբերը, որը հենց մեկնարկում իր տեղը զիջեց տեղացիների կուռք Կամուի Կոբայաշիին, իսկ բախումից հետո ընդհանրապես մղվեց վերջին տեղ, հաջողացրեց եզրագիծը հատել 9-րդը:

Տեսականորեն Հեմիլթոնը, Ջենսոն Բատոնը եւ Մարկ Վեբերը նույնպես չեմպիոնի հավակնորդներ են: Ալոնսոյի այսօրվա անհաջողությունը նրանց նույնպես դարձնում է ընդհանուր պայքարի մասնակից: Դիցուք` ընդհանուր հաշվարկի 6-րդ տեղում գտնվող Բատոնն Ալոնսոյից ետ է մնում 63 միավորով: Իսկ դա 2.5 հաղթանակ է: Հիշենք, որ յուրաքանչյուր մրցման հաղթողին տրվում է 25 միավոր: Իսկ առջեւում դեռ կա 5 Գրան Պրի:

Ուղիղ մեկ շաբաթից տեղի կունենա Յոնամի (Հարավային Կորեա) Մեծ Մրցանակի խաղարկությունը: Այստեղ մեկական անգամ հաղթել են Ալոնսոն եւ Ֆետելը: Ո՞վ է հաջորդը: Ամենայն հավանականությամբ Pirelli Motorsport-ը Յոնամ կբերի Soft եւ SuperSoft տեսակի անվադողերը: Ենթադրում եմ, որ 55 շրջանի համար ամենաօպտիմալը 3 պիտ կանգառն է, ինչը կարող է խառնել հաշիվները: Միայն ավելացնեմ, որ Յոնամի մրցուղին միանգամից 3 այլ մրցուղիների՝ Մոնակոյի, Մոնցայի, Ստամբուլի խառնուրդն է: Ոչ ոք կարգին չի կարողանում կողմնորոշվել, թե հատկապես ինչի վրա դնի շեշտը նախապատրաստվելիս՝ անվադողերի՞, բոլիդի սեղմող ուժի, թուլացման կամ ուժեղացմա՞ն:

Մհեր Արշակյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում