Հայաստանում մարտեր առանց կանոնների մրցումներ հազվադեպ է անցկացվում, բայց այս մարզաձեւի սիրահարները շատ են: Ժամանակին, երբ նոր էր ստեղծվել արմֆայթինգի դպրոց` ընդամենը երեք երիտասարդ էր հետաքրքրված մարզաձեւով, իսկ այժմ այնքան սիրված է, որ որոշվել է մրցաշար անցկացնել: Այսպես մարտի 16-ին կայացած ասուլիսում բնութագրեց արմֆայթինգ - մարտեր առանց կանոնների մարզաձեւը Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:
Մարտի 18-ին Երեւանի «Գիզա» ակումբում կկայանա Արմֆայթինգ եւ K-1 սպորտաձեւերի վարկանիշային մրցաշար` հայ եւ վրացի աշխարհահռչակ մարզիկների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրեց Հայկ Ղուկասյանը, չնայած մրցաշարին կմասնակցի միայն մի պետություն, բայց մրցաշարը միջազգային է, քանի որ մասնակիցները աշխարհի չեմպիոններ են, եւ այս սպորտաձեւում աշխարհում հայտնի մարզիկներ:
«Հայաստանի հավաքականի մրցակիցները Վրաստանի մարզիկներն են: Մասնակցության 250 հայտ ենք ստացել, որից ընտրել ենք 17 զույգ: Կանցկացվի 17 մենակամարտ, որից 5-ը K-1 ոճում եւ 12-ը` մարտեր առանց կանոնների ոճում: Առաջին անգամ չէ, որ Հայաստանում այս մարզաձեւի մրցաշարեր են անցկացվում: 6 տարվա ընթացքում սա արդեն 9-րդ մրցաշարն է: Ապրիլին կլինի եւս մեկ մցրաշար, որտեղ արդեն կմասնակցեն տարբեր երկրների ներկայացուցիչներ»:
Հ. Ղուկասյանն ընդգծեց, որ մրցաշարը թիմային առաջնություն չէ Վրաստանի հետ, այլ` ընդամենը մարզաձեւի սիրահարներին փորձի փոխանակման եւ ֆիզիկական պատրաստվածության բարելավման հնարավորություն:
«Ութանկյուն մրցաշարը պետք է լինի եւ առավելագույնը երկու ժամ, որպեսզի չհոգնեցնի: Մրցաշարը ուղիղ եթերում կհեռարձակվի ինտերնետում, որպեսզի դիտի ամբողջ աշխարհը www.armfc.com կայքում: Ավելի քան 150 կայք է դիմել մեզ` ուղիղ եթերում հեռարձակելու համար»,- նշեց Ղուկասյանը:
Հ. Ղուկասյանը վստահեցրեց, որ չնայած սեփական հարկի տակ ենք ընդունելու վրացիներին եւ մրցավարները միջազգային կարգի հայ մրցավարներ են, բայց դա չի նշանակում, որ կողմնակալություն է լինելու:
Ի դեպ, մրցաշարին հետեւելու համար Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի «Հայաստան» ակումբի նախագահ, աշխարհի չեմպիոն Գոքոր Չիվիչյանը: Վերջինս սակայն չի մասնակցելու մրցաշարին, այլ միայն հետեւելու է եւ գնահատական տալու:
ԱՄՆ–ում գործող «Ուրարտու» հեռուստաընկերության տնօրեն, K–1 ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանի խոսքով, մրցաշարն ուղերձ է բոլոր մարզասերներին, որպեսզի օգտագործեն այս հնարավորությունը եւ Հայաստանում իրենց ուժերը չափեն աշխարհում հայտնի մարզիկների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում