17:58  ,  14 սեպտեմբերի, 2012

Սպորտի նախարար. Ռոբերտ Էմմիյանի աշխատանքները տեսանելի են բոլորին

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սեպտեմբերի 14-ին ընդունել է աթլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին, որոնք Հայաստանում են անվանի աթլետ Ռոբերտ Էմմիյանի գավաթի խաղարկությանը ներկա գտնվելու նպատակով:

Հյուրերի թվում էին, մասնավորապես, Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Բերնար Ամսալեմը, Եվրոպայի աթլետների միության փոխնախագահ Կարել Փիլնին, Հունաստանի սիրողական աթլետիկայի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Պանագիոտիս Դիմակոսը։

Ողջունելով հյուրերին, նախարարը կարեւորել է միջազգային փորձի կիրառումը մեր աթլետների մարզական պատրաստվածության կատարելագործման ուղղությամբ: «Համագործակցությունը տարբեր երկրների ֆեդերացիաների հետ սերտանում է նաեւ առանձին մարզիկների միջեւ ձեւավորված անձնական կապերի շնորհիվ: Այդպիսի մարզիկ է մեր անվանի աթլետ Ռոբերտ Էմմիյանը, ով նաեւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է: Նրա կողմից կատարվող աշխատանքները տեսանելի են բոլորին»,- նշել է նախարարը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար եւ փաստել, որ նկատելի է Հայաստանի կառավարության հոգատար վերաբերմունքը ոլորտի նկատմամբ, ինչը հետագայում եւս տալու է իր դրական արդյունքները:

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին, Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում