09:33  ,  14 սեպտեմբերի, 2012

Հնդկաստանի ֆուտբոլային հավակնությունները

Հնդկաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (All India Football Federation) նպատակ է դրել ամեն գնով ձեռք բերել 2022 թ. Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունքը:  Սա այն դեպքում, երբ Հնդկաստանը միայն հիմա է կնքում իր առաջին պայմանագիրը ՖԻՖԱ-ի հետ:  Այդ պայմանագրով ՖԻՖԱ-ն հնարավորություն կստանա առաջիկա 10 տարիների ընթացքում զարգացնել ֆուտբոլը մի երկրում, որտեղ մարդիկ երդվում են կրիկետով (cricket), Հնդկաստանի մայրաքաղաք Դելիից հաղորդում է Reuters-ը։

Հատկանշական է, որ Հնդկաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նաեւ երկրի արդյունաբերության նախարարն է, որի հայտարարությունը համընկնում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հնդկաստանի վարկանիշի երբեւէ ամենացածր կետին իջնելու հետ (169-րդ):

Ֆուտբոլը Հնդկաստանում խաղում են միայն որոշ աշխարհագրական գոտիներում, իսկ հեռուստացույցով հիմնականում դիտում են անգլիական Պրեմիեր լիգայի եւ իսպանական Լա Լիգայի խաղերը:

ՖԻՖԱ-ն, սակայն հավատում է Հնդկաստանի ֆուտբոլային ներուժին:  «1,2 միլիարդ մարդ է ապրում այստեղ», - ասում է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Ս. Վալկեն, - «Հնարավոր չէ, որ 1,2 միլիարդն էլ միայն կրիկետ սիրեն ու խաղան:  Այստեղ հաստատ ֆուտբոլի համար տեղ կա»:
Երկիրն այսօր ունի մոտավորապես 90 միջին կարգի ֆուտբոլիստ եւ ընդամենը 2.500 լիցենզավորված մարզիչ, այն էլ՝ C կարգի:   Մասնագետների կարծիքով, 1,2 միլիարդ բնակչություն ունեցող երկրում անհրաժեշտ է գոնե 50.000 մարզիչ:  Հնդկաստանի 32 նահանգներից միայն 12-ն ունեն տեղական ֆուտբոլային լիգաներ: 

Հնդկաստանի ֆուտբոլային «ամենաոսկե դարը» 50-60-ականներն էին, երբ երկրի հավաքականը կարողացավ նվաճել ասիական գավաթը (1951, 1962):  Ներկայումս ֆուտբոլն ամենաշատ ժողովրդականություն վայելում է Կալկաթայի շրջանում, որտեղ որոշ տեղական «դերբիներ» կարող են մարզադաշտ բերել մինչեւ 100.000 հանդիսատես: Նույն Կալկաթայում 2008-ին մոտ 120.000 երկրպագու ներկա գտնվեց  Օլիվեր Կաննի հրաժեշտի խաղին:  Այդ տարին Կալկաթա ժամանեց նաեւ Դիեգո Մարադոնան:

Ներկայումս Հնդկաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել ընդունելու 2017թ. ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որը լուրջ «թեստ» կլինի երկրում ֆուտբոլի զարգացման ճանապարհին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում