09:21  ,  14 սեպտեմբերի, 2012

Սկոլարին լքում է «Պալմեյրասը»

Ֆուտբոլի Բրազիլիայի, Պորտուգալիայի հավաքականների եւ «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիպե Սկոլարին ժամանակից շուտ ավարտել է իր մարզչական գործունեությունը բրազիլական «Պալմեյրաս» ակումբում, այն բանից հետո, երբ պարտությունների մի ամբողջ շարանից հետո «Պալմեյրասը» հայտնվեց Բրազիլիայի առաջնության վտանգավոր գոտում:
Հատկանշական է, որ ընդամենը երկու ամիս առաջ «Պալմեյրասը»՝ Սկոլարիի առաջնորդությամբ, կարողացավ տիրանալ Բրազիլիայի գավաթին (Copa Brasil):

Ֆելիպաոն, ինչպես նրան փաղաքշական կերպով սիրում են կոչել լրատվամիջոցները, շատ հավանական է, որ փոխարինի Բրազիլիայի հավաքականի ներկա գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսին, որը երկու տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ գրավել բրազիլացիների սիրտը Սան Պաուլուից հայտնում է Reuters-ը:

Սկոլարին Բրազիլիայի պատմության մեջ ամենահաջողակ մարզիչներից է:  Նա նախկինում եւս կատարել է «Պալմեյրասի» գլխավոր մարզչի պարտականությունները, ակումբին հասցնելով եռակի հաջողության (Բրազիլիայի ազգային չեմպիոն, Բրազիլիայի գավաթակիր եւ հարավամերիկյան ակումբային չեմպիոն):  2002 թ. աշխարհի առաջնությանը Սկոլարին կարողացավ Բրազիլիայի ազգային հավաքականին դարձնել աշխարհի հնգակի չեմպիոն, որն առ այսօր աննախադեպ իրողություն է ֆուտբոլի պատմության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում