Միհրան Հարությունյան. Կրկին կվերադառնամ մրցագորգ, որպեսզի սկսեմ իմ ճանապարհը դեպի Տոկիո-2020

00:15   4 մայիսի, 2019

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը կմասնակցի մայիսի 17-ին Կրասնոդարում անցկացվելիք «Չեմպիոնների գավաթ» մրցաշարին: 30-ամյա մարզիկը պատմել է, որ պատրաստվում է Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

«Մայիսի 17-ին Կրասնոդարում ես կրկին կվերադառնամ մրցագորգ, որպեսզի սկսեմ իմ ճանապարհը դեպի Տոկիո-2020 եւ վերցնեմ այն, ինչը պատկանում է ինձ»,- Ինստագրամում գրել է Միհրան Հարությունյանը:

«Չեմպիոնների գավաթին» կմասնակցեն նաեւ ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը եւ այլ հայտնի ըմբիշներ:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2016թ. Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել սերբ Դավոր Շտեֆանեկին։

Դեկտեմբերի 14-ին Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն էր տարել MMA-ում (խառը մենամարտեր): Ռուսաստանի Սամարա քաղաքում կայացած «Битва на Волге» մրցաշարում նա առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին տեխնիկական նոկաուտով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին: Հարությունյանը MMA-ում նորամուտը նշել էր նախորդ տարվա մայիսին՝ Ռոստովում տեղի ունեցած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

Ավելի վաղ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, խոսելով Միհրան Հարությունյանին հավաքական չհրավիրելու պատճառների մասին, նշել էր, որ ցանկացած մարզիկ պարտավոր է հավաքականի հետ անցնել բոլոր ուսումնամարզական հավաքները, մրցաշարերը եւ ապացուցի, որ ինքը գործող մարզիկ է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։