Միհրան Հարությունյանը՝ հաղթանակը Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրելու մասին

09:06   20 դեկտեմբերի, 2018

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը MMA-ում (խառը մենամարտեր) երկրորդ մենամարտն անցկացնելուց հետո հաղթանակը նվիրել էր Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Այդ կապակցությամբ Հարությունյանը գրառում է կատարել սոցցանցերում եւ տեղադրել տեսանյութ:

«Սամարայում տոնած հաղթանակը նվիրեց մեծ Հային` Շառլ Ազնավուրին։ Այս հաղթանակը Մաեստրոյի հիշատակին էր, ով կարողացավ արժանանալ ամբողջ աշխարհի սիրուն, ինչպես նաև դարձավ ամեն հայի ոգեշնչող։ Եթե յուրաքանչյուրս մեր ոլորտում կարողանանք աշխատասիրությամբ, համառությամբ եւ սրտանց մոտենալ մեր գործին, ապա կամաց-կամաց կմոտենանք մեր մեծ Պապիկին։ Ես կփորձեմ հնարավորինս աշխատել, որ Մաեստրոն երկնքից տեսնի եւ հպարտանա, որ մենք չենք իջեցնում իր սահմանած հայի նշաձողը»,- գրել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Սամարա քաղաքում դեկտեմբերի 14-ին կայացած «Битва на Волге» մրցաշարում Հարությունյանն առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին տեխնիկական նոկաուտով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին: 

29-ամյա մարզիկը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2016թ. Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել  սերբ Դավոր Շտեֆանեկին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։