Վարդան Մինասյանը՝ Հայաստանի հավաքականից հեռանալու պատճառների մասին

00:47   21 հոկտեմբերի, 2018

Ստեղծված իրավիճակում ես կարեւորել եմ մարդկային հարաբերությունները, եւ դա է ազդել հավաքականը լքելու իմ որոշման վրա:

Այս մասին հայտարարել է Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ խոսելով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու պատճառների մասին:

«Ճիշտն ասած, այս հարցի շուրջ այդքան էլ չեմ ուզում խոսել մամուլում: Կարծում եմ՝ կան հարցեր, որոնք պետք չէ մամուլում տարածել: Ես գիտեմ ինչ հարց է հետաքրքրում մեր ֆուտբոլասերներին, կուզեմ նրանց ասել, որ մենք բոլորս տարբեր մարդիկ ենք եւ ունենք տարբեր արժեքներ: Ինչ-որ մեկի համար կարեւոր է իր աշխատանքը, ինչ-որ մեկի համար ֆինանսներն են կարեւոր, մեկ այլ մարդու համար կարեւոր են մարդկային հարաբերությունները: Ստեղծված իրավիճակում ես կարեւորել եմ մարդկային հարաբերությունները, եւ դա է ազդել հավաքականը լքելու իմ որոշման վրա: Գիտեմ, որ ֆուտբոլասերներին հետաքրքրում է նաեւ այն, թե ինչու անսպասելի եղավ իմ որոշումը, կասեմ, որ այն մարդիկ, ովքեր ասում են, որ իմ որոշումը անսպասելի է եղել կամ ընդհանրապես չեն տիրապետում տեղեկությանը, կամ կիսատ են տիրապետում: Այսքանը իմ որոշման մասին»,- Մինասյանի խոսքը մեջբերում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ գլխավորել էր այս տարվա ապրիլից մինչեւ սեպտեմբերը: Նա հրաժարական էր ներկայացրել սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ՀՖՖ արտահերթ ժողովի նախօրեին: Ժողովի ընթացքում փոփոխություն տեղի ունեցավ ՀՖՖ նախագահի պաշտոնում, որում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փոխարինեց Ռուբեն Հայրապետյանին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր:

Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել էր նաեւ 2009-2013 թվականներին։ Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաեւ «Փյունիկում» (2008-2013) ու ղազախական «Տոբոլում» (2014-ին)։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։