Հայաստանի հավաքականի 2 ֆան շարժումները բախվել են Ջիբրալթարի դրոշի պատճառով

19:05   14 հոկտեմբերի, 2018

Առաջին հայկական ճակատ (FAF) երկրպագուական շարժումը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստան – Ջիբրալթար (0:1) Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առթիվ: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպումից հետո FAF-ի անդամները բախվել էին Red Eagles ֆան շարժման երկրպագուների հետ: Բախման պատճառը եղել է Red Eagles-ի երկրպագուներից մեկի ցուցադրած Ջիբրալթարի դրոշը:

«Ի պատասխան որոշ լրատվական կայքերում հրապարակված տեղեկության, առ այն, որ բախում է տեղի ունեցել երկրպագուների և ոստիկանների միջև, ցանկանում ենք հայտարարել՝ ոստիկանների և երկրպագուների միջև բախում չի եղել։ Խաղի վերջնամասում Red Eagles ֆան ակումբի սեկցիայում ֆան ակումբի անդամի կողմից բացվել է Ջիբրալթարի ազգային դրոշը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա, որ մրցակցի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները հաղթանակը սկսել են տոնել մեր մարզադաշտի ֆանատական զոնային մոտ։ Համարելով անարգանք թե' ֆուտբոլասերների, թե' ֆուտբոլիստների նկատմամբ, Առաջին Հայկական Ճակատ (FAF) ֆան ակումբի անդամները հորդորել են հեռացնել այն Հայաստանի հավաքականի երկրպագուների սեկցիայից։ Մերժում ստանալով՝ հեռացրել են այն սեփական ուժերով։

Հայաստան - Մակեդոնիա խաղին մեր մասնակցության մանրամասների, հավաքականի և ֆուտբոլիստների ցուցադրած անփառունակ խաղի վերաբերյալ հանդես կգանք հավելյալ»,- ասվում է ՖԱՖ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկել է նաեւ Red Eagles-ը՝ նշելով, որ Ջիբրալթարի դրոշը ցուցադրած երկրպագուն պատժվելու է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։