Եվրոպայի լիգա. Որքա՞ն գումար «Փյունիկը» կստանա պատմական հաջողության շնորհիվ

09:05   1 օգոստոսի, 2018

Երեւանի «Փյունիկը», Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հաղթահարելով ղազախական «Տոբոլի» արգելքը, ավելացրել է ՈւԵՖԱ-ի կողմից սահմանված պարգեւավճարները:

Որակավորման երրորդ փուլ հասնելու շնորհիվ հայկական ակումբը կստանա 780 հազար եվրո: Եթե «Փյունիկը» նվաճի նաեւ որակավորման վերջին փուլի ուղեգիր, ապա կհարստանա եւս 300 հազար եվրոյով:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլին մասնակցելու համար ակումբները ստանում են 240 հազար եվրո, երկրորդ փուլ դուրս գալու համար՝ եւս 260 հազար, երրորդ փուլ հասնելիս՝ եւս 280 հազար, իսկ վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում հայտնվելու դեպքում՝ եւս 300 հազար:

Եվրագավաթային մրցաշրջանի վերջում այդ գումարներին գումարվում են նաեւ մարկենտինգային ու հեռարձակման իրավունքի վճարները:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած պատասխան խաղում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Տոբոլին» եւ դուրս եկել հաջորդ փուլ: Դաշտի տերերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն։ Դիմակայությունում գրանցվեց 2:2 հաշիվը, եւ «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ:

Ղազախստանում կայացած առաջին խաղում հայկական ակումբը պարտվել էր 1:2 հաշվով: Հաջորդ փուլում Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Եվրագավաթներում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։