Նոբել Առուստամյանը՝ «Փյունիկի» պատմական հաղթանակի մասին (ֆոտո)

10:12   1 օգոստոսի, 2018

«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկի» պատմական հաղթանակին ղազախական «Տոբոլի» նկատմամբ: Նոբել Առուստամյանը «Матч ТВ»-ի մեկնաբան Տիմուր Ժուրավելի հետ Երեւան էր ժամանել այդ հանդիպման համար եւ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում խաղը դիտում էր դարպասի հետեւի հատվածից:

«Տալալաեւի «Փյունիկը» կերտում է հայկական ֆուտբոլի պատմություն: Այսքան հեռու ոչ ոք չէր գնացել եվրագավաթներում: Շատ ուրախ եմ թիմի եւ, հատկապես, Արթուր Սողոմոնյանի համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Առուստամյանը:

Հիշեցնենք, որ պատասխան խաղում հայկական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ: Դաշտի տերերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն։ Դիմակայությունում գրանցվեց 2:2 հաշիվը, եւ «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ:

Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով: Հաջորդ փուլում Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Եվրագավաթներում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։