Տոնի Կրոս. Տպավորություն է, որ Գերմանիայում շատերն ուրախ կլինեն, եթե դուրս չգանք խմբից

10:34   24 հունիսի, 2018

Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հույս է հայտնել, որ Յոահիմ Լյովի գլխավորած թիմը կկարողանա դուրս գալ 1/8 եզրափակիչ, թեեւ երկու տուրից հետո ունի 3 միավոր:

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Բունդեսթիմը Շվեդիայի հավաքականին հաղթեց 2:1 հաշվով ավելացված 5-րդ րոպեին  Կրոսի խփած գոլի շնորհիվ:

«Կարծում եմ՝ մենք արժանի էինք այս ուշ գոլին: Մեզ շատ էին քննադատում: Տպավորություն է, որ Գերմանիայում շատերն ուրախ կլինեն, եթե դուրս չգանք խմբից: Բայց մենք չենք ցանկանում, որ ամեն ինչ այդքան հեշտ լինի նրանց համար: Նրանց չի հաջողվի մեզ փողոց նետել:

Իհարկե, ես երջանիկ եմ, որ գոլ խփեցի: Դարձյալ բարդ խաղ էր մեզ համար: Կային խնդիրներ, բայց դա նորմալ է, երբ չի ստացվում արագ գոլ խփել: Ունեինք շանսեր, որոնք չէինք կարողանում օգտագործել: Բայց մեզ հաջողվեց խուսափել պարտությունից: Հույս ունեմ, որ այս խաղը հուզականորեն մեզ կօգնի հետագայում»,- Կրոսի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Խմբային փուլի վերջին տուրում Գերմանիայի հավաքականը հունիսի 27-ին Կազանում կխաղա հարավկորեացիների, Շվեդիան Եկատերինբուրգում կմրցի Մեքսիկայի հետ, որը 6 միավորով առաջին տեղում է: Գերմանիան ու Շվեդիան ունեն 3-ական միավոր եւ պահպանում են Մեքսիկային հետ թողնելու հնարավորությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։