Միկել Արտետան՝ «Արսենալը» գլխավորելու հիմնական թեկնածու

14:05   16 մայիսի, 2018

Լոնդոնի «Արսենալը» կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուի հարցում։

The Guardian-ի համաձայն՝ Արսեն Վենգերին փոխարինելու գլխավոր թեկնածուն է «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում աշխատող իսպանացի Միկել Արտետան: 36-ամյա իսպանացին 2011-2016-ը հանդես է եկել «Արսենալում»։

«Արսենալը» գլխավորելու մյուս թեկնածուների հետ բանակցությունները հաջող չեն ընթացել։ Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեծ դերակատարում է պահանջել տրանսֆերների հարցում, իսկ ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան «Արսենալի» ղեկավարությունից ստացած զանգը համարել է ձեւականություն։

Միկել Արտետան 2016-ից է աշխատում «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում։ Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել էր, որ չի խոչընդոտի իսպանացու հեռանալուն։

Հիշեցնենք, որ 1996 թվականից «Արսենալը» գլխավորում է 68-ամյա Արսեն Վենգերը, որն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից: Ֆրանսիացի մասնագետը  «Արսենալի» հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում), սակայն նա երբեք չի հաղթել եվրագավաթներում: Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։