Չեմպիոնների լիգա. «Ռեալի», Ռոնալդուի ու Մարսելոյի ռեկորդները

14:38   26 ապրիլի, 2018

Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում գրանցվել են մի շարք ռեկորդներ, գրում է Marca-ն:

Մյունխենում կայացած խաղում հաղթելով 2:1 հաշվով՝ «Ռեալը» դարձավ առաջին ակումբը, որը Չեմպիոնների լիգայում տանում է 150-րդ հաղթանակը: Մադրիդցիները նաեւ կրկնեցին «Բարսելոնայի» ռեկորդը՝ 306-րդ հաղթանակը տանելով եվրոպական բոլոր ակումբային մրցաշարերում:

«Ռեալը» նաեւ դարձավ պատմության առաջին ակումբը, որը 6-րդ խաղում անընդմեջ հաղթում է «Բավարիային»: Արքայական ակումբն այդ շարքը սկսել է Չեմպիոնների լիգայի 2011/12 մրցաշարի կիսաեզրափակիչի պատասխան խաղից (2:1): Դրանից հետո իսպանական ակումբը «Բավարիային» 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի կիսաեզրափակիչում (1:0 եւ 4:0), ինչպես նաեւ եւս 2 անգամ ուժեղ է գտնվել Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշարի քառորդ եզրափակիչում (2:1 եւ 4:2):

«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայում 96 հաղթանակ տարած առաջին ֆուտբոլիստը: Նա գերազանցեց «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը: Այժմ պորտուգալական «Պորտուում» խաղացող իսպանացի դարպասապահը Չեմպիոնների լիգայում տարել է 95 հաղթանակ: 33-ամյա Ռոնալդուն ընդհատեց իր ռեկորդային շարքը Չեմպիոնների լիգայում, որում գոլ էր խփել նախորդ 11 խաղերում անընդմեջ:

«Ռեալի» բրազիլացի խաղացող Մարսելոն դարձավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում ամենաշատ գոլ խփած պաշտպանը: Դա նրա 7-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում, որում բրազիլացին շրջանցեց իր ակումբակից Սերխիո Ռամոսին (6 գոլ):

Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Բավարիայի» միջեւ պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 1-ին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։