Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը չպարզեցին հաղթողին

21:14   6 ապրիլի, 2018

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին 52-րդ քայլում:

Այս ոչ ոքիից հետո Արոնյանը եւ Կարլսենը վաստակեցին 3.5-ական միավոր եւ հավասարվեցին մյուս 3 առաջատարներին, որոնք դեռ չեն ավարտել իրենց պարտիաները:

Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ Ապրիլի 7-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ:

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, 6-րդ տուր

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հոու Յիֆան (Չինաստան) 

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 0:1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։