00:07 4 ապրիլի, 2018Շատ վատ բան է եղել, էտ երեխեն ասում է՝ դոպինգ չեմ ընդունել: Չգիտեմ՝ ինչ է լինելու, ինչպես ֆեդերացիան կասի, այնպես էլ կանենք:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի արդեն նախկին երկրորդ մարզիչ, դոպինգ ընդունելու մեջ մեղադրվող 75 կգ քաշային Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի Օլիմպավանում հավաք անցնող կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամները օրերս հերթական դոպինգ թեստն են հանձնել, որի արդյունքում մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից, 75 կգ քաշային Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին գրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը եւ մարզիկին ժամանակավորապես զրկել միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստում որոշում է կայացվել հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին եւ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանին հեռացնել պաշտոնից:
«Տեղյակ չեմ, ինչպես է եղել, ինչ է եղել: Հարցրել եմ երեխուն, ասում է՝ խաբար չեմ... Ես էլ իր նման մարդ, բոլորի հետ հավաքների եմ եղել: Փետրվարի 9-ին հավաքի ենք եղել, գնացել ենք անալիզներ ենք հանձնել, հետո նորից փետրվարի 14-ին ենք անալիզ տվել՝ 4 օր անց: Մի անալիզի պատասխանը դրական է եղել, մյուսինը՝ բացասական:
Ես Սոնայի հետ խոսել եմ, բոլորի դեմն եմ հարցրել՝ տենց բան արել ես: Ասում է՝ ոչ, չեմ արել ու վերջ: Ես էլ ձեր նման, ոչնչից տեղյակ չեմ, շատ վատ բան է... Այնքան նեղված եմ, որ ես տեղյակ չեմ այս ամենից:
Ես ո՞ւմ կարող եմ ապացուցել, որ տեղյակ չեմ, շատ վատ բան է կատարվել: Սոնան լացում է ու հերքում է ամեն ինչ: Ասում է՝ ես նման բան չեմ արել, ասում եմ՝ պատասխանը դրական է եկել, լացում է, ասում է՝ չէ: Ի՞նչ կարող եմ անել, ինչպե՞ս բողոքարկեմ»,- ասաց Արման Ղազարյանը:
Նշենք, որ Արման Ղազարյանը եղել է նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական մարզիչը, ով դոպինգ թեստերի դրական արդյունքներ ունենալու պատճառով որակազրկվեց եւ հետ վերադարձրեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը:
Հիշեցնենք, որ Արտաշես Ներսիսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, թե «ինչ-որ մեկը միտումնավոր Սոնա Պողոսյանին արգելված խթանիչ է տվել հենց այս շրջանում՝ հունվարին, որպեսզի Օլիմպավանում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ դոպինգ թեստ հանձնի եւ բռնվի»:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.