Յուրա Մովսիսյան․ Հայաստանի հավաքականում խաղալը մեծ փորձ էր ինձ համար

12:21   26 մարտի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը շվեդական «Յուրգորդեն» տեղափոխությունից հետո կիսվել է տպավորություններով։

«Հիանալի է վերադառնալ Եվրոպա՝ հատկապես «Յուրգորդենի» պես ակումբ: Ստոքհոլմը գեղեցիկ քաղաք է։ Շատ եմ լսել «Յուրգորդենի» երկրպագուների մասին։ Գիտեմ, որ նրանք շատ ակտիվ են տրիբունայում։

Կիմ Չելստրյոմի հետ խաղացել եմ «Սպարտակում»։ Նա ինձ շատ բան է պատմել: Շվեդական ֆուտբոլին հետեւում էի, երբ խաղում էի դանիական «Ռանդերսում»: Կարծում եմ` վերջին 5 տարիներին Շվեդիայի առաջնությունը հասել է նոր մակարդակի, եւ շվեդական ակումբները լավ տպավորություն են թողնել Եվրոպայում:

Ես թիմային խաղացող եմ եւ խաղում եմ թիմի հաջողության համար։ Կանեմ այն, ինչ կպահանջի մարզիչը։ Երբ եղավ «Յուրգորդեն» տեղափոխվելու հնարավորություն, սիրով համաձայնեցի։ Շատ եմ ցանկանում խաղալ եւ օգտակար լինել թիմին։ Հույս ունեմ, որ թիմին կօգնեմ տիտղոսներ նվաճելու հարցում»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

30-ամյա ֆուտբոլիստը խոսել է նաեւ Հայաստանի հավաքականում ելույթների մասին։

«Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել եմ աշխարհի եւ Եվրոպայի առաջնության ընտրական փուլերի եւ խփել գոլեր։ Հրաշալի տարիներ էին: Դա մեծ փորձ էր ինձ համար, քանի որ խաղացել ենք ուժեղ հավաքականների ու ֆուտբոլիստների դեմ։ Հավաքականում ունեցել ենք հաջող ելույթներ»,- ասել է Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Յուրգորդենի» հետ կնքել է 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Շվեդիայի ավարտված առաջնությունում «Յուրգորդենը» գրավել է երրորդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ Շվեդիայում նոր մրցաշրջանը կմեկնարկի ապրիլի 1-ին։ Շվեդիայի առաջնության առաջին տուրում «Յուրգորդենը» կհյուրընկավի «Օստերսունդին»։

Մովսիսյանի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել էր նաեւ 2007-2009-ը։

2010-2015-ը Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում եւ դարձել 10 գոլի հեղինակ: Վերջին շրջանում նա հավաքական չի հրավիրվում ՀՖՖ նախագահի որոշմամբ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.