17:01 25 փետրվարի, 2018Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը մարեց։ Փետրվարի 9-25-ն անցկացված Խաղերը փակված հայտարարեց Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը:
Փակման արարողության ժամանակ անցկացվեց նաեւ օլիմպիական դրոշի փոխանցման հանդիսավոր արարողությունը։ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը օլիմպիական դրոշը փոխանցեց Պեկինի քաղաքապետ Չեն Ցզինին։ Հաջորդ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանա 2022թ․ փետրվարի 4-20-ը Չինաստանի մայրաքաղաքում։
Ռուսաստանցի մարզիկները դարձյալ օլիմպիական շքերթին մասնակցեցին օլիմպիական դրոշով, իսկ դրոշակակիրն էր կամավորական:
Փհենչհան-2018-ում վիճարկվեց մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Մրցումներին մասնակցեցին 2925 մարզիկներ 92 երկրներից։
Մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգիան, որը նվաճեց ռեկորդային քանակով 39 մեդալ (14 ոսկի, 14 արծաթ, 11 բրոնզ): Գերմանիան 14 ոսկե, 10 արծաթե եւ 7 բրոնզե մեդալով գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեցին կանադացիները (11 ոսկի, 8 արծաթ, 10 բրոնզ): Դոպինգի սկանդալի պատճառով օլիմպիական դրոշի ներքո հանդես եկող Ռուսաստանը 17 մեդալով (2 ոսկի, 6 արծաթ, 9 բրոնզ) 13-րդ տեղը գրավեց ընդհանուր հաշվարկում։
Փհենչհան-2018-ում Հայաստանի 3 ներկայացուցիչները՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը մրցանակային տեղեր չէին գրավել։



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.