Մարիտ Բյորգենը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր մարզիկ

16:35   25 փետրվարի, 2018

Նորվեգացի դահուկորդ Մարիտ Բյորգենը դարձավ ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր մարզիկը։

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտին մոտեցող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի վերջին օրը 37-ամյա մարզուհին ոսկե մեդալ նվաճեց դահուկային սպորտի ընդհանուր մեկնարկով 30 կմ-ի մրցմանը՝ դառնալով 8-ակի օլիմպիական չեմպիոն։ Դա Բյորգենի 15-րդ օլիմպիական մեդալն էր։

Փհենչհան-2018-ում նորվեգացի մարզուհին նվաճեց 2 ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ։ Խաղերի փակման արարողության ժամանակ նա Նորվեգայի պատվիրակության դրոշակակիրն էր։

Հիշեցնենք, որ մինչեւ այս ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր մարզիկն էր նորվեգացի 43-ամյա դահուկորդ Ուլե-Էյնար Բյորնդալենը, որը նվաճել է 13 օլիմպիական մեդալ (8 ոսկե, 4 արծաթե, 1 բրոնզե)։ Նորվեգացի Բյորն Դելին եւս 8-ակի օլիմպիական չեմպիոն է։

Փհենչհան-2018-ում վիճարկվեց մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Մրցումներին մասնակցեցին 2925 մարզիկներ 92 երկրներից։ Մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգիան, որը նվաճեց ռեկորդային քանակով 39 մեդալ (14 ոսկի, 14 արծաթ, 11 բրոնզ): Գերմանիան 14 ոսկե, 10 արծաթե եւ 7 բրոնզե մեդալով գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեցին կանադացիները (11 ոսկի, 8 արծաթ, 10 բրոնզ):  

Փհենչհան-2018-ում Հայաստանի 3 ներկայացուցիչները՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը մրցանակային տեղեր չէին գրավել։  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։