ՕԽ-2018․ Ռուս հոկեյիստները ոսկե մեդալ նվաճելուց հետո կատարել են Ռուսաստանի հիմնը

14:25   25 փետրվարի, 2018

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականի խաղացողները պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո սառույցի վրա կատարել են Ռուսաստանի հիմնը։ Հոկեյիստների հետ հիմնը երգել են նաեւ ստադիոնում հավաքված ռուս երկրպագուները։

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտին մոտեցող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի եզրափակիչում ռուսները լրացուցիչ ժամանակում 4։3 հաշվով հաղթեցլ էին Գերմանիայի հավաքականին։ Աշխարհի 5-ակի չեմպիոն Ռուսաստանի հավաքականը երբեք չի դարձել օլիմպիական չեմպիոն։ 1998-ին ռուսները դարձել են արծաթե մեդալակիր, իսկ 2002-ին՝ բրոնզե։

Նախորդ 2 Օլիմպիական խաղերում հաղթել էր Կանադայի հավաքականը, որը Փհենչհան-2018-ում դարձավ բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի մարզիկները Փհենչհան-2018-ում հանդես են գալիս չեզոք դրոշի տակ եւ ներկայացված են «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»՝ անգլերեն «Olympic Athlete from Russia» կամ OAR: Ռուսաստանի պետական զինանշանի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշի փոխարեն օլիմպիական օղակներն են: Պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն հնչում է օլիմպիական հիմնը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն հակադոպինգային կանոնադրության խախտումների համար որակազրկել էր Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։