«Մանչեսթեր Սիթին» հաղթանակ կորզեց եւ դուրս եկավ եզրափակիչ

01:41   24 հունվարի, 2018

«Մանչեսթեր Սիթին» դարձավ ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Պրեմյեր լիգայի առաջատարը հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Բրիստոլ Սիթիին», որից ուժեղ էր գտնվել նաեւ առաջին մրցավեճում (2:1): Խաղի վերջնամասն անցավ լարված պայքարում: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին «Բրիստոլ Սիթին» խփեց երկրորդ գոլը եւ հավասարեցրեց հաշիվը, սակայն «Մանչեսթեր Սիթին» կարողացավ հաղթանակ կորզել: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն, արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ու բելգիացի ենթահարձակվող Կեւին դե Բրույնեն:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Բրիստոլ Սիթին» պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Յունայթեդին»՝ հաղթելով 2:1 հաշվով:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը», որոնց միջեւ առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ ոքի: Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 24-ին «Արսենալի» խաղադաշտում:

Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բրիստոլ Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:3 (առաջին խաղ՝ 1:2)

Մարլոն Պակ, 64, Ադեն Ֆլինտ, 90+2 – Լերոյ Սանե, 43, Սերխիո Ագուերո, 49, Կեւին Դե Բրույնե, 90+6



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.