Մոուրինյո. Սանչեսն առայժմ «Արսենալի» խաղացող է, Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի»

18:14   19 հունվարի, 2018

Երբեմն մարդիկ կարծում են, թե տրանսֆերային բանակցություններին մասնակցում են մարզիչները, սակայն ամեն ինչ կախված է ակումբներից, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով այս ամիս հնարավոր տրանսֆերների մասին:

«Ես կխոսեմ Սանչեսի մասին, երբ լինի կնքված պայմանագիր: Այն ժամանակ էլ կասեմ, թե ինչ կարող է նա տալ մեր թիմին: Իսկ առայժմ նա «Արսենալի» խաղացող է, իմ խաղացողը չէ: Այդ պատճառով էլ իմաստ չեմ տեսնում հիմա որեւէ բան քննարկել: Իմ մասնակցությունը բանակցություններին սահմանափակվում է այն բանով, որ ես ղեկավարությանը ներկայացնում եմ պատճառները, որոնց շնորհիվ տվյալ ֆուտբոլիստին ցանկանում եմ տեսնել մեր թիմում: Մխիթարյանն էլ առայժմ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է: Հիմա չէի ցանկանա կենտրոնանալ այս հարցերի վրա, քանի որ կարեւորը վաղվա խաղն է»,- ասել է Մոուրինյոն նախախաղային ասուլիսում, փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հերթական մարզմանը:

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Բարնլիին»: Հունվարի 20-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։