15:02  ,  19 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանը դարձյալ ներկայացել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 19-ի առավոտյան մեկնել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա եւ մասնակցել մարզմանը, գրում էmirror-ը:

Նախօրեին եւս Մխիթարյանը մասնակցել էր Ժոզե Մոուրինյոյի թիմի մարզմանը եւ լուսանկար հրապարակել Ինստագրամում՝ գրառելով. «Ուրախ ժամանց՝ այսօրվա մարզմանը»:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանի` Լոնդոնի «Արսենալ» տեղափոխության գործարքում միակ խնդիրը ֆինանսականն է։ «Արսենալը»  չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին հայ ֆուտբոլիստի հետ փոխանակելու գործարքում պահանջում է նաեւ 10 միլիոն ֆունտ ստերլինգ։ Մանչեսթերցիներն էլ ցանկանում են գործարքն իրականացնել առանց փոխհատուցում վճարելու։

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները սոցիալական ցանցերում հայտնել են իրենց դժգոհությունը՝ նշելով, որ ցանկանում են Հենրիխ Մխիթարյանի փոխարեն թիմում տեսնել Ալեքսիս Սանչեսին:

Հունվարի 18-ին կայացած ասուլիսում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել էր Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ֆրանսիացի մասնագետը նշել էր, որ աաջիկայում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կարող են փոխանակել Հենրիխ Մխիթարյանին ու Ալեքսիս Սանչեսին։ 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանն «Արսենալի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 130 հազար ֆունտ ստերլինգ՝ գումարած բոնուսներ։ Նա 2016-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ «Արսենալում» խաղալը եղել է իր երազանքը: 28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով