Մոուրինյո. Մխիթարյանը լավ խաղացող է եւ կմասնակցի «Սթոք Սիթիի» հետ խաղին

14:35   14 հունվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին:

«Իմ մոտեցումը ֆուտբոլիստներին հետեւյալն է, որ յուրաքանչյուր խաղացող ունի իր գինը: Նշանակություն չունի, թե ով նա: Կարեւոր չէ նաեւ հեղինակությունը եւ կարգավիճակը: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր գինը: Ես կույր մարզիչներից չեմ: Խոսքն այն մասին է, որ չկան անձեռնմխելի ֆուտբոլիստներ, որոնք երբեք չեն կարող վաճառվել:

Առաջարկ ստանալուց հետո մենք պետք է որոշում կայացնենք եւ որոշենք խաղացողի ճիշտ գինը: Սակայն Մխիթարյանը մասնակցեց գավաթային հանդիպմանը եւ, հավանաբար, հանդես կգա նաեւ «Սթոք Սիթիի» հետ առաջիկա խաղում: Նա գրեթե նույն իրավիճակում է, ինչ տրանսֆերային շուկայում ակտիվություն մտցրած մյուս ֆուտբոլիստները: Մխիթարյանը մեր խաղացողն է, եւ շատ լավ ֆուտբոլիստ է: Շաբաթ օրը նա մարզվել է, իսկ երկուշաբթի օրը կխաղա»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մանչեսթերցիները գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ։

Վերջերս Դուբայում վերականգնողական հավաք անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 15-ին Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում կմրցի «Սթոք Սիթիի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։