«Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա հաղթանակ տարավ

20:07   17 դեկտեմբերի, 2017

Անգլիական Պրեմյեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» առանց Հենրիխ Մխիթարյանի 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 2 գոլի առավելություն ստացավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի եւ անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդի դիպուկ հարվածների շնորհիվ, իսկ դաշտի տերերը հաշիվը կրճատեցին 77-րդ րոպեին: Աչքի ընկավ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գարեթ Բերին, որը փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ բացակայում էր մանչեսթերցիների հայտացուցակից: Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 41 միավորով մնաց երկրորդ տեղում եւ շարունակում է 11 միավոր զիջել առաջատար «Մանչեսթեր Սիթիին»:

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Վեստ Բրոմվիչ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2

Գարեթ Բերի, 77 – Ռոմելու Լուկակու, 27, Ջեսի Լինգարդ, 35

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա (Մարկոս Ռոխո, 66), Քրիս Սմոլինգ, Ֆիլ Ջոնս, Էշլի Յանգ, Նեմանյա Մատիչ, Անդեր Էրերա, Խուան Մատա, Ջեսի Լինգարդ (Սքոթ Մաքթոմինայ, 86), Մարկուս Ռեշֆորդ (Անտոնի Մարտիալ, 79), Ռոմելու Լուկակու:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։