Սպորտի նախարար. Այն մարզիկները, որոնց ՄՕԿ-ը թույլ է տալիս մասնակցել ՕԽ-ին, պետք է մասնակցեն իրենց երկրի դրոշի տակ

16:38   8 դեկտեմբերի, 2017

Մենք կողմ ենք ՄՕԿ-ի որոշմանը, որ խթանիչ օգտագործած մարզիկները պետք է պատժվեն, բայց դրանից մաքուր մարզիկները չպետք է տուժեն:

Այս մասին հայտարարել է Հայաստանի սպորտի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ով Հայաստանի սպորտի ներկայացուցիչների,օլիմպիական չեմպիոնների եւ գործող առաջատար մարզիկների մասնակցությամբ ներկայացրեց Հայաստանի սպորտի նախարարության դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ ՄՕԿ-ի պատժիչ որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հակադոպինգային բազմաթիվ խախտումների համար ՄՕԿ-ը Ռուսաստանին զրկել է 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Երբեւէ հակադոպինգային խախտում թույլ չտված եւ օլիմպիական ուղեգիր նվաճած ռուսաստանցի մարզիկները կմասնակցեն չեզոք դրոշով եւ կկոչվեն «օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»:

Այս կապակցույամբ Հայաստանի սպորտի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը հանդես են եկել համատեղ հայտարարոթյամբ՝ զորակցելով Ռուսաստանի օլիմպիական հավաքականին եւ Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին, որը որակազրկվել է:

«Մենք ՄՕԿ-ի որոշմանը կողմ ենք, որ բոլոր այն մարզիկները, որոնք օգտագործել են խանիչներ կամ այլ արգելված միջոցներով հասել են արդյունքներին, նրանք տեղ չունեն ոչ միայն Ռուսաստանում, Հայաստանում, այլ առհասարակ ՄՕԿ-ի անդամ պետությունների մարզական ընտանիքում տեղ չունեն: Մենք ասում ենք, որ այն մարզիկները, որոնց ՄՕԿ-ը թույլ է տալիս մասնակցել, պետք է մասնակցեն իրենց երկրի դրոշի տակ»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  աջակցություն է հայտնել օլիմպիական ուղեգիր նվաճած ռուսաստանցի մարզիկներին եւ հայտարարել, որ Ռուսաստանի իշխանությունը դեմ չէ եւ չի խոչընդոտի այդ մարզիկների մասնակցությանը Օլիմպիական խաղերին չեզոք դրոշի տակ:

«Ես շատ հիացած եւ զարմացած եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, որ հայտարարեց, թե մասնակցել ցանկացող մարզիկների կողքին է եւ պետք է մասնակցեն: Ամեն մի հզոր նախագահ պետք է կանգնած լինի իր մարզիկի կողքին: Նրա այդ քայլը մեծություն էր»,- ասել է հանդիպմանը մասնակցած օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Օգսեն Միրզոյանը, Իսրայել Միլիտոսյանը, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանն ու Ունիվերսիադայի չեմպիոն Արթուր Թովմասյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։