13:45  ,  8 դեկտեմբերի, 2017

Սպորտի նախարարության ու ՀԱՕԿ-ի դիրքորոշումը Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկման վերաբերյալ

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ՝ Ռուսաստանի օլիմպիական հավաքականին Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում 2018 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու ՄՕԿ-ի որոշման առնչությամբ:

«Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն միակարծիք են, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ բոլոր երկրների համար պարտադիր է ՄՕԿ-ի հակադոպինգային որոշումների կատարումը եւ հայտարարում են, որ արդար մրցակցությունը, ինչը օլիմպիական շարժման գաղափարախոսության հիմնասյուներից է, հնարավոր է իրագործել միայն արգելված նյութերի օգտագործումը բացառելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դատապարտում են դոպինգի ցանկացած տեսակի օգտագործումը, միաժամանակ գտնում են, որ ոչ բարեխիղճ մարզիկների պատճառով անարդարացի կլինի պատժել արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին, որոնց մասնակցությունը 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից արգելված չէ:

Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գտնում են, որ արդարացի կլինի արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին հնարավորություն տալ հանդես գալու իրենց երկրի դրոշի ներքո եւ հաղթանակի դեպքում, ի պատիվ այդ մարզիկների, հնչեցնել այն երկրի օրհներգը, որը նրանք ներկայացնում են:

Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իրենց զորակցությունն են հայտնում Ռուսաստանի Դաշնության օլիմպիական կոմիտեին: Միաժամանակ, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՄՕԿ-ի որոշմամբ իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեն չի կարող ապահովել ՄՕԿ-ի կողմից ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու թույլտվություն ստացած մարզիկների մասնակցությունը Փենչհանում կայանալիք օլիմպիական խաղերին, իրենց պատրաստակամությունն են հայտնում աջակցել՝ այդ մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքներին»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն Գործադիր կոմիտեի որոշմամբ, որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: 

ՄՕԿ-ի որոշման հիմքում Համաշխարհային հակադոպինգային գործակալության իրազեկիչ, Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի վկայություններն են, պրոֆեսոր Մաքլարենի զեկույցը եւ պրոֆեսոր Շամպոդի ուսումնասիրությունները: Դրանց համաձայն Ռուսաստանը ունեցել է դոպինգի կիրառման պետական ծրագիր:

Օլիմպիական ուղեգիր նվաճած եւ դոպինգի հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկներին թույլ կտրվի մասնակցել չեզոք դրոշի տակ: Ռուսաստանցի մարզիկները կկոչվեն «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»: Պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն կհնչի օլիմպիական հիմնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում