Լեւոն Արոնյան. Երջանիկ եմ, որ նվաճեցի հավակնորդների մրցաշարի ուղեգիր, եզրափակիչը բոնուս է

09:08   22 սեպտեմբերի, 2017

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը մեկնաբանել է հաղթանակը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում:

«Երջանիկ եմ, որ նվաճեցի հավակնորդների մրցաշարի ուղեգիր, դա էր նպատակը: Եզրափակիչը բոնուս է: Մոտիվացիան հստակ է, Դին Լիրենի հետ -2 է իմ արդյուքների հաշվեկշիռը, պետք է շտկել վիճակագրությունը:

Թայ-բրեյքին հատուկ չեմ պատրաստվում: Ինչ մարզվես, եթե հաղթած դրությունում վրիպում ես, իսկ պարտված դիրքերում փրկվում ես: Նման բաների համար հնարավոր չէ մարզվել, պետք է պարզապես հավատալ:

Կիսաեզրափակիչում երկուսս էլ նյարդերի հետ կապված խնդիրներ ունեինք: Եզրափակիչում չինական նյարդերի դեմ այսպիսի բաները չեն անցնի: Հանգիստ մնալու համար առանձնահատուկ ոչինչ չեմ անում: Կատարելությունը սահման չունի:

Հարսանիքը մեծ մոտիվացիա է. ինչքան երկար մնամ այստեղ, այդքան մեծ է շանսը, որ հարսանեկան հարցերով չեմ զբաղվի: Հարսնացուս այստեղ չէ, նա լուրջ հարցերով է զբաղված՝ հարսանյաց հանդեսն է կազմակերպում: Նա շատ է ինձ երկրպագում եւ գոհ է, որ այսքան երկար մնացի այստեղ»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է chess-news-ը:

Եզրափակիչի մյուս մասնակից, չինացի Դին Լիրենը կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել ամերիկացի Ուեսլի Սոյին:

Եզրափակիչը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.