03:04 23 օգոստոսի, 2017Հաղթանակս նվիրում եմ հայրիկիս։ Վստահ եմ, որ նա հիմա տեսնում է ինձ վերեւից եւ հպարտանում ինձնով։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց հունահռոմեական ըմբշամարտի 80 կգ քաշայինների աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը։
Սա 30-ամյա մարզիկի առաջին մեծ նվաճումն է մեծահասակների աշխարհի, Եվրոպայի առաջնություններում։
Աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանն անցկացրեց 5 փայլուն գոտեմարտեր՝ տպավորիչ եւ գեղեցիկ հնարքներով, խոշոր հաշիվներով առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ։
Մաքսիմ, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Ի՞նչ զգացողություններ ունես։
Շնորհակալ եմ։ Ուրախ եմ, արդեն հավատում եմ, որ դարձա աշխարհի չեմպիոն։ Անչափ ուրախ եմ, որ կարողացա նվաճել աշխարհի առաջնության ոսկե մեդալը։
Բա՞րդ տրվեց քեզ այս հաղթանակը։
Իրականում շատ հեշտ ստացվեց։ Շատ հեշտ տրվեց ինձ աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Չէի պատկերացնում եւ չէի սպասում, որ այսքան հեշտ կստացվեն գոտեմարտերը։
Մրցակիցներիցդ ո՞ւմ կառանձնացնես։
Բոլորն էլ ուժեղ ըմբիշներ էին։ Ոչ մեկին չեմ առանձնացնի։ Բոլորն էլ հարմար մրցակիցներ էին։
Մինչեւ աշխարհի առաջնություն մեկնելը հավատո՞ւմ էիր, որ կկարողանաս հաղթել։
Կարծում եմ՝ աշխարհի առաջնություն մեկնող բոլոր ըմբիշներն էլ գնում են աշխարհի չեմպիոն դառնալու։ Հավատում էի իմ ուժերին։ Ունեի ուսի թեթեւ վնասվածք, բայց չխանգարեց։
Աշխարհի առաջնության ոսկե մեդալն ի՞նչ կփոխի քո կյանքում։
Շատ բան դժվար փոխվի։ Ես ինքս չեմ փոխվի։ Ավելի մեծ ուժ կտա առաջ շարժվելու եւ նոր հաղթանակներ ձեռք բերելու համար։
Մաքսիմ, ըստ քեզ՝ չեմպիոն դառնո՞ւմ են, թե՞ ծնվում։
Ես հավատում եմ, որ չեմպիոն ծնվում են, բայց նաեւ դառնում են։ Իմ դեպքում, ես դարձա աշխարհի չեմպիոն։ Երեւի, պետք է դառնայի։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.