02:54 16 հուլիսի, 2017Արթուր Աբրահամին չհաջողվեց նվաճել պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած 12 ռաունդանոց չեմպիոնական մենամարտում 37-ամյա Աբրահամը հանդիպեց այդ տիտղոսը պաշտպանող բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի հետ եւ պարտվեց մրցավարների միաձայն որոշմամբ: Գրանցվեց 118:110, 118:110, 120:108 հաշիվը:
Բրիտանացի բռնցքամարտիկն ավելի արագ էր, ավելի ակտիվ ու դիպուկ: Նա հենց սկզբից ուներ առավելություն եւ աստիճանաբար մեծացնում էր այն, իսկ Աբրահամի ընտրած պաշտպանողական մարտավարությունն այս անգամ չաշխատեց: Յուբենքը բավական վտանգավոր էր գրոհում, իսկ հայ բռնցքամարտիկի հարվածները ոչ միշտ էին հասնում նպատակին: 5-րդ ռաունդում Աբրահամի քիթն արնահոսեց, սակայն դա չխանգարեց շարունակել մենամարտը: Վերջին ռաունդներում բրիտանացու առավելությունն ակնհայտ էր: Նա կարծես ցանկանում էր հաղթանակի հասնել նոկաուտով, սակայն չստացվեց: Արթուր Աբրահամը դիմացավ մինչեւ վերջ, թեեւ այս մենամարտը, մեղմ ասած, լավագույններից չէր նրա կարիերայում:
2 քաշային կարգերում (IBF-ի միջին քաշային կարգ, WBO-ի երկրորդ միջին քաշային կարգ) աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 52-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում, որում կրեց 6-րդ պարտությունը (46 հաղթանակ): Յուբենք կրտսերն անցկացրեց 26-րդ մենամարտը՝ տանելով 25-րդ հաղթանակը (բրիտանացին կրել է մեկ պարտություն):
Հիշեցնենք, որ այս մենամարտի հաղթողը դառնալու է Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (World Boxing Super Series) վերջին մասնակիցը: Արթուր Աբրահամի նախորդ մենամարտը կայացել էր ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում, որտեղ նա միավորներով պարտության էր մատնել Լեհաստանը ներկայացնող, Մյունխենում բնակվող կոսովցի Ռոբին Կրասնիկիին:





















The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.