«Բարսելոնա» - «Ռեալ». Մարզիչների կարծիքները

00:02   4 դեկտեմբերի, 2016

«Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Պրիմերայի 14-րդ տուրի խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Լուիս Էնրիկե («Բարսելոնա»). «Մենք պետք է առաջադիմենք. դա փաստ է, սակայն այսօրվա արդյունքն անարդարացի էր մեզ համար: Մենք արժանի էինք հաղթանակի: Ես իմ խաղացողներին զգուշացրել եւ խնդրել էի թույլ չտալ սխալներ: Ասացի, որ ուշադիր լինեն այն դրվագներում, երբ «Ռեալի» ֆուտբոլիստները գնդակ են ստանում մեր դարպասի մոտ: 3 միավորը մեր ձեռքում էր, սակայն չկարողացանք գործը հասցնել ավարտի»:

Զինեդին Զիդան («Ռեալ»). «Չգիտեմ՝ սա արդարացի արդյունք էր, թե՝ ոչ: Մենք գոլ խփելու շանսեր ունեինք առաջին խաղակեսում: Երբ գոլ խփեց մրցակիցը, մենք արթնացանք: Այս երեկոն եւս մեկ անգամ ապացուցեց, թե ինչ բնավորություն ունի իմ թիմը, որը պայքարեց մինչեւ վերջ եւ փրկեց խաղը: Կարեւոր է թիմային աշխատանքը: Ուրախ եմ Ռամոսի համար: Կարծում եմ՝ մենք պետք է առաջինը գոլ խփեինք: Երկրորդ խաղակեսում հայտնվել էինք բարդ իրավիճակում, բայց արդյունքը գոհացնում է: Պետք է գոհ լինենք»,- փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Բարսելոնայում կայացած խաղում կատալոնական ակումբն ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ հաղթում էր մինչեւ 90-րդ րոպեն, սակայն իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մադրիդցիներին փրկեց պարտությունից: Այս խաղից հետո առաջատար «Ռեալը» պահպանեց երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայի» նկատմամբ 6 միավորի առավելությունը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։