21:06  ,  3 դեկտեմբերի, 2016

«Ռեալը» փրկվեց Սուպերկլասիկոյում (ֆոտոշարք)

Իսպանական Պրիմերայի 14-րդ տուրում կայացավ այս մրցաշրջանի առաջին Սուպերկլասիկոն «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ: Գրանցվեց 1:1 հաշիվը: Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ կատալոնական ակումբը հաղթում էր մինչեւ 90-րդ րոպեն, սակայն իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մադրիդցիներին փրկեց պարտությունից:

Բարսելոնայում կայացած հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում: 2 թիմերն էլ ոչ հաճախ ստեղծում էին վտանգավոր պահեր, սակայն գործն իրական գոլային պահերի չէր հասնում: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

«Բարսելոնայի» խաղը մեծ հույսեր չէր ներշնչում կատալոնացի երկրպագուներին, սակայն երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց: 53-րդ րոպեին Լուիս Սուարեսը ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում առաջ մղեց դաշտի տերերին: Բաց թողած գոլից հետո «Ռեալն» ակտիվացավ եւ շուտով կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Քարիմ Բենզեման չօգտագործեց իր պահը: Խփած գոլից հետո կատալոնացիները սկսեցին ավելի վստահ գործել եւ 68-րդ րոպեին մոտ էին երկրորդ գոլը խփելուն, սակայն Նեյմարը կորցրեց այս խաղի ամենաիրական գոլային պահը: Րոպեներ անց բրացիլացի հարձակվողը չօգտագործեց եւս մեկ հնարավորություն: Վերջնամասում Արքայական ակումբն ավելի շատ էր գրոհում եւ կարողացավ փրկվել պարտությունից: Սերխիո Ռամոսն 90-րդ րոպեին աչքի ընկավ ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում եւ վերջակետ դրեց խաղին: 

Այս խաղից հետո առաջատար «Ռեալը» պահպանեց «Բարսելոնայի» նկատմամբ 6 միավորի առավելությունը: Կատալոնական ակումբը երկրորդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:1

Լուիս Սուարես, 53 - Սերխիո Ռամոս, 90

«Բարսելոնա». Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Սերխի Ռոբերտո, Ժերար Պիկե, Խավյեր Մասկերանո, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ (Անդրես Ինյեստա, 60), Անդրե Գոմեշ (Արդա Թուրան, 78), Լիոնել Մեսի, Նեյմար (Դենիս Սուարես, 87), Լուիս Սուարես:

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ, Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Մարսելո, Լուկա Մոդրիչ, Մատեո Կովաչիչ (Մարիանո Դիաս, 86), Իսկո (Կազեմիրո, 66), Լուկաս Վասկես, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Մարկո Ասենսիո, 78)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով