Արթուր Ալեքսանյան. Հուզվեցի՝ օդանավակայանում տեսնելով Ռոբերտ Աբաջյանի հորը (ֆոտո)

14:35   6 սեպտեմբերի, 2016

Ձգտելու եմ դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Այս մի օլիմպիական ոսկե մեդալով չեմ հանգստանալու:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նորընծա օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ խոսելով Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալի մասին:

«Ես, իրոք, հպարտություն եմ ապրում լինել Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը եւ ոսկե մեդալ նվաճել Հայաստանի համար: Երբ դրսում մարդիկ մոտենում եւ շնորհավորում են, ես մեծ հիացմունք ու հպարտություն եմ ապրում, զգում եմ, թե մարդիկ որքան երջանիկ ու ուրախ են:

Ռիոյում մեկնարկային գոտեմարտս դժվար ստացվեց, քանի որ մրցակիցս պատահական ըմբիշ չէր: Ինձ մոտ միշտ առաջին գոտեմարտերը մի քիչ դժվար են ստացվում: Բայց դրանից հետո բացվում եմ եւ արդեն վստահ դուրս գալիս մրցագորգ:

Ես նշել եմ, որ բոլոր հնարավոր տիտղոսներն ունեմ, բայց չեմ հանգստանալու այս արդյունքներով: Ես ձգտում եմ միշտ առաջ շարժվել: Ցանկանում եմ շատացնել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ոսկե մեդալները: Հաջորդ նպատակս կրկնակի օլիմպիական չեմպիոն դառնալն է: 

Ես Ռոբերտ Աբաջյանի նկարը փակցրել էի իմ շապիկին, որ ամբողջ աշխարհը ճանաչի մեր հերոսներին: Ես ցանկանում եմ, որ մեր հերոսները չմոռացվեն: Ռոբերտ Աբաջյանի հոր հետ մեր հանդիպումը տեղի ունեցավ դիմավորելիս: Օդանավակայում ինձ մի մարդ մոտեցավ եւ փաթաթվեց: Ես չէի ճանաչում նրան, նա ինձ շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ Ռոբերտի հայն է: Ես այդ պահին հուզվեցի նրան տեսնելով, բայց այնպիսի իրավիճակ էր դիմավորելիս, որ չկարողացա նրա հետ շփվել: Բայց ես անպայման Ռոբերտի ընտանիքին, հորը կհանդիպեմ: Շատ եմ ցանկանում նրանց հետ շփվել»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Անդրադառնալով Գյումրու մարզադպրոցի անմխիթար վիճակին՝ օլիմպիական չեմպիոնը նշեց, որ շատ կցանկանար այն տեսնել վերանորոգված ու բարվոք վիճակում:

«Շատ դժվար է Գյումրու մարզադպրոցում մարզվելը: Բոլորդ էլ տեսել եք` ինչ պայմաններում ենք մարզվում: Լավ կլինի, որ լավ պայմաններում մարզվենք: Ես միայն Գյումրին չեմ ներկայացնում, ներկայացնում եմ ամբողջ Հայաստանը եւ հնարավոր է, որ ՀԱՕԿ-ը եւ սպորտի նախարարությունը զբաղվեն այդ հարցով»,- նկատեց Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:  Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.