01:01 17 օգոստոսի, 2016Նորընծա օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը չկարողացավ զսպել արցունքները Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի պարգեւատրության արարողության ժամանակ: Երբ «Կարիոկա-2» մարզապալատում հայտարարվեց հայ ըմբիշի անունը, երկրպագուները սկսեցին ծափահարել նրան: Իսկ երբ հայտարարվեց եզրափակիչում Հարությունյանին կողմնակալ մրցավարության շնորհիվ հաղթած սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի անունը, մարզապալատը սկսեց սուլել:
Միհրան Հարությունյանը երկրպագուներին ցուցադրեց, որ պետք չէ սուլել իր մրցակցին:
Հիշեցնենք, որ եզրափակիչում գրանցվել էր 1:1 հաշիվը, իսկ Դավոր Շտեֆանեկը հաղթել էր վերջինը միավոր վաստակելու շնորհիվ: Այդ միավորը նա ստացել էր, քանի որ հայ ըմբիշը զգուշացվել էր երկրորդ անգամ: Գոտեմարտի ընթացքում Միհրանին 2 անգամ պարտեր նստեցրեին, բայց նա հիանալի էր պաշտպանվում եւ միավոր չտվեց մրցակցին: Վերջնամասում Միհրան Հարությունյանը շատ ավելի ակտիվ էր, սակայն սերբ ըմբիշին այդպես էլ պասիվություն չտվեցին, ինչը խայտառակություն էր:
Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտնել նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որը եւս դուրս է եկել եզրափակիչ եւ ոսկե մեդալը կվիճարկի կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի հետ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:





The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.