02:48 22 նոյեմբերի, 2015Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց տիտղոսը:
Գերմանիայի Հանովեր քաղաքում նոյեմբերի 21-ին կայացած չեմպիոնական մենամարտում 35-ամյա Աբրահամը միավորներով առավելության հասավ անգլիացի Մարտին Մարեյի նկատմամբ: Ամերիկացի 3 մրցավարներից երկուսն առավելությունը տվեցին Աբրահամին, իսկ մեկը՝ 33-ամյա Մարեյին (115:112, 112:115, 116:111):
Առաջին ռաունդում բռնցքամարտիկներն ուսումնասիրում էին իրար, իսկ երկրորդում ավելի ակտիվ էին, բայց գործը լուրջ հարվածների չէր հասնում: Հաջորդ մի քանի ռաունդները նման էին իրար: Մարեյն ավելի ակտիվ էր սկսում, իսկ Աբրահամը պաշտպանվում էր եւ փորձում հակագրոհել: 33-ամյա անգլիացին ոչնչով չէր զիջում հայ բռնցքամարտիկին եւ նույնիսկ ուներ ոչ մեծ առավելություն, թեեւ չէր հասցրել ու բաց չէր թողել լուրջ հարվածներ: Մարեյը վատ չէր տեղաշարժվում ռինգում, իսկ Աբրահամի վտանգավոր գրոհները կանխում էր գրկախառնվելու միջոցով: 6-րդ ռաունդում Արթուրը կատարեց մի քանի լավ հարվածներ: Հաջորդ ռաունդներն անցնում էին հավասար պայքարում: 11-րդ ռաունդում Աբրահամն ուներ նկատելի առավելություն, իսկ նրա մրցակիցը նաեւ նկատողություն ստացավ: Վերջին ռաունդում բրիտանացին փորձում էր հետ բերել կորցրածը, սակայն հայ բռնցքամարտիկը հաջող պաշտպանվեց ու մենամարտը հասցրեց հաղթական ավարտի:
Արթուր Աբրահամը 44-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում, որում անցկացրել է 48 մենամարտ եւ կրել 4 պարտություն: Մարեյն անցկացրեց 33-րդ մենամարտը եւ պարտվեց երրորդ անգամ:
Հիշեցնենք, որ Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր այս տարվա հուլիսի 18-ին՝ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին:














The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.