21:23 2 հոկտեմբերի, 2015Հայաստանն իմ նախնիների երկիրն է: Իմ երակներում հոսում է հայկական արյուն: Իհարկե, կցանկանայի մի օր գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:
Այս մասին ասել է Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Երեւանում կայացած բարեգործական ֆուտբոլային հանդիպումից հետո, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Մեծ կարեւորություն եմ տալիս այպիսի միջոցառումներին, եւ ինքս մասնակցում եմ բարեգործական հանդիպումների կազմակերպման: Ամեն տարի կազմակերպում եմ միջոցառումներ Նյու Յորքում, իսկ հասույթը հատկացվում է բարեգործական հիմնադրամին:
Հայաստանի ազգային հավաքականը լավ թիմ է: Ափսոս, որ մեր թիմը վատ սկսեց Եվրո-2016-ի ընտրական մրցաշարը: Սակայն կայուն, քրտնաջան աշխատանքի եւ Հայաստանում մարզումների համար ստեղծված պայմանների շնորհիվ ապագայում կլինեն հաջողությունները: Կարեւոր է, որ շատ երեխաներ զբաղվեն սպորտով, իսկ հետագայում երկիրը պատվով ներկայացնեն միջազգային ասպարեզում:
Հայաստանն իմ նախնիների երկիրն է: Իմ երակներում հոսում է հայկական արյուն: Իհարկե, կցանկանայի մի օր գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Ամբողջ կարիերայիս ընթացքում խաղացել եմ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների հետ: Նրանցից լավագույնն, անկասկած, եղել է բրազիլացի Ռոնալդոն:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ ջերմ ընդունելության համար: Ուրախ եմ լինել այստեղ: Շնորհակալ եմ մեծ ուշադրության համար: Վաղը կմասնակցեմ կիսամարաթոնին, որին մասնակցելու համար ինձ հրավիրել է Ռոբերտ Էմմիյանը»,- նշել է Յուրի Ջորկաեֆը:
Հիշեցնենք, որ Երեւանի կիսամարաթոնն առաջին անգամ կանցկացվի հոկտեմբերի 3-ին, մեկնարկը՝ ժամը 9-ին է: Հոկտեմբերի 2-ին «Փյունիկ» ակումբի մարզադաշտում կայացած բարեգործական խաղում հանդիպել էին լրագրողների Հայաստանի հավաքականն ու ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի թիմը, որի կազմում հանդես եկավ ֆրանսահայ ֆուտբոլիստը: Գրանցվեց 1:1 հաշիվը, իսկ Յուրի Ջորկաեֆը Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի պես մասնակցեց միայն երկրորդ խաղակեսին, որը տեւեց 20 րոպե:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.